Իսրայելը հայտարարել է, որ իր ուժերը «Գազա քաղաքի կենտրոնում» են
Իսրայելը հայտարարել է, որ իր զինված ուժերը ռազմական գործողություններ են իրականացնում Գազա քաղաքի կենտրոնում՝ պաղեստինյան անկլավում փորձելով ոչնչացնել ՀԱՄԱՍ արմատական շարժման զինյալներին։
Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը նոյեմբերի 7-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ իսրայելցի զինվորները «Գազա քաղաքի սրտում» են և «սեղմում են օղակը»։
«Հետևակայինները և զրահապատ մեքենաներում ու տանկերում գտնվող զինվորները Գազայում ունեն մեկ թիրախ՝ ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչները, նրանց ենթակառուցվածքները, նրանց հրամանատարները, բունկերները, հաղորդակցության սենյակները», – ասել է Գալանտը։
Իսրայելի ՊՆ ղեկավարը նաև նշել է, որ ՀԱՄԱՍ-ի ամենաբարձրաստիճան ղեկավար Յահյա Սինվարը մեկուսացված է իր բունկերում։ ՀԱՄԱՍ-ը Սինվարի ճակատագրի մասին որևէ մեկնաբանություն առայժմ չի արել։
Անվտանգության ուժերի աղբյուրները Reuters-ին հայտնել են, որ Իսրայելի զինվորականները սկսում են պատերազմի հաջորդ փուլը, այն է՝ տեղորոշել և ոչնչացնել Գազայում գտնվող ՀԱՄԱՍ-ի թունելների լաբիրինթոսը, ինչը կարող է ամիսներ տևել։
ՀԱՄԱՍ-ի ռազմական թևը, որն արդեն 16 տարի է՝ ղեկավարում է Գազայի հատվածը, հայտարարել է, որ իր զինյալները լուրջ վնասներ են հասցնում առաջ շարժվող իսրայելական ուժերին։ Ըստ ՀԱՄԱՍ-ի և «Պաղեստինյան իսլամական ջիհադ» կազմակերպության աղբյուրների՝ Իսրայելական տանկերը լուրջ դիմադրության են հանդիպում զինյալներից, որոնք թունելների ցանցն օգտագործում են նրանց դեմ որոգայթներ լարելու համար։
Հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի անակնկալ հարձակումից հետո իսրայելական կողմն ունի 1400 զոհ։ Շուրջ 240 մարդ գերի է վերցվել ՀԱՄԱՍ-ի կողմից։ Իսրայելի գնդակոծությունների հետևանքով Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 10 000-ը։ Ըստ Գազայի առողջապահական իշխանությունների՝ նրանց 40 %-ը երեխաներ են։