Բաժիններ՝

Բլինքենը վերահաստատել է ԱՄՆ-ի աջակցությունն Իսրայելին և կրկնել, որ երկիրը պաշտպանվելու իրավունք ունի

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, որը հերթական այցով գտնվում է Իսրայելում, հայտարարել է, որ արվում է ամեն ինչ՝ պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման կողմից գերեվարված անձանց վերադարձնելու համար։ Այս մասին հաղորդում է BBC-ն։

«Բազմաթիվ մարդիկ՝ ինչպես իսրայելցիներ, ամերիկացիներ, այնպես էլ այլ երկրների քաղաքացիներ կան (խմբ․՝ գերեվարված), և մենք վճռական ենք՝ անելու ամեն բան, որպեսզի նրանց ապահով կերպով վերադարձնենք իրենց ընտանիքների և սիրելիների մոտ», – ասել է Բլինքենը Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

ԱՄՆ պետքարտուղարը նաև վերահաստատել է ԱՄՆ-ի աջակցությունն Իսրայելին։

«Մենք վճռականորեն կանգնած ենք Իսրայելի կողքին։ Այն ունի իրավունք և պարտավորություն՝ պաշտպանելու իրեն և այնպես անելու, որ հոկտեմբերի 7-ի իրադարձություններն այլևս երբեք չկրկնվեն», – ասել է Էնթոնի Բլինքենը։

Միևնույն ժամանակ նա նշել է, որ «կարևոր է այն, թե ինչպես է Իսրայելը պաշտպանվում», և կարևոր է անել ամեն բան՝ պաշտպանելու քաղաքացիական անձանց, որոնք հայտնվել են փոխհրաձգությունների կենտրոնում։

ԱՄՆ պետքարտուղարի խոսքով՝ հարկավոր է, որ հումանիտար օգնություն հասնի այն մարդկանց, որոնք հուսահատորեն դրա կարիքն ունեն Գազայում։

Հոկտեմբերին պաղեստինաիսրայելական հակամարտության սրացումից ի վեր Բլինքենն արդեն երկու անգամ եղել էր Իսրայելում՝ հանդիպումներ անցկացնելով երկրի վարչապետ Բենյամին Նեթանյահուի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

Հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակումից ի վեր Իսրայելի պատասխան հարվածներից զոհված պաղեստինցիների թիվը հասել է 9 227-ի։

Իսրայելը հայտնել է, որ ՀԱՄԱՍ-ի հարձակման հետևանքով իսրայելական կողմում սպանվել է 1400 մարդ։ Ավելի քան 240 մարդ գերի է վերցվել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս