Բաժիններ՝

ՄԱԿ-ը Գազայի և Հորդանան գետի արևմտյան ափի հումանիտար կարիքները մինչև տարեվերջ գնահատում է 1,2 միլիարդ դոլար

Գազայի հատվածի և Հորդանան գետի արևմտյան ափի բնակչությանը մինչև տարեվերջ հումանիտար օգնություն տրամադրելու համար կպահանջվի առնվազն 1,2 մլրդ դոլար։ Այդ միջոցների հատկացման համար ՄԱԿ-ը և նրա գործընկերները նոյեմբերի 6-ին կդիմեն միջազգային հանրությանը։ Ժնևում կայացած ճեպազրույցում այս մասին հայտնել է ՄԱԿ-ի Հումանիտար հարցերի համակարգման վարչության պաշտոնական ներկայացուցիչ Յենս Լարկեն։

«Բռնազավթված պաղեստինյան տարածքներում ճգնաժամը սաստկանում է, ուստի մենք և մեր գործընկերները երկուշաբթի օրը կհրապարակենք շտապ կոչ՝ տարվա մնացած ամիսների օգնության համար։ 2,7 միլիոն մարդու, այսինքն՝ Գազայի ամբողջ բնակչության և բռնազավթված Արևմտյան ափի 500 հազար մարդկանց կարիքների համարը ծախսերը գնահատվում են 1,2 միլիարդ դոլար», – Լարկեի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:

Պաշտոնյան պարզաբանել է, որ հոկտեմբերի 12-ին հրապարակված սկզբնական կոչում խոսքը 294 միլիոն դոլարի տրամադրման մասին էր՝ գրեթե 1,3 միլիոն մարդու օգնության համար:

«Այդ ժամանակից ի վեր իրադրությունը դարձել է ավելի հուսահատական: Վերանայված շտապ կոչում կարտացոլվեն պարենի, ջրի, բուժսպասարկման, կացարանի, հիգիենայի և այլ առաջնահերթ անհետաձգելի կարիքները Գազայի հատվածի զանգվածային ռմբակոծություններից հետո: Մենք դոնորներին կոչ ենք անում օպերատիվորեն տրամադրել միջոցներ արձագանքման համար», – ընդգծել է ՄԱԿ-ի Հումանիտար հարցերի համակարգման վարչության ներկայացուցիչը։

Հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակումից ի վեր Իսրայելի պատասխան հարվածներից զոհված պաղեստինցիների թիվը հասել է 9 227-ի։ Ըստ Լարկեի՝ կանայք և երեխաները կազմում են այդ զոհերի մոտ 62 %-ը:

Իսրայելը հայտնել է, որ ՀԱՄԱՍ-ի հարձակման հետևանքով իսրայելական կողմում սպանվել է 1400 մարդ։ Ավելի քան 240 մարդ գերի է վերցվել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս