Բաժիններ՝

ՀՀ բնակչության 96 տոկոսը հնարավորություն ունի օգտվել ինտերնետից

Հայաստանում բնակավայրերի 66 տոկոսն ապահովված է լայնաշերտ ինտերնետով, ՀՀ բնակչության 96 տոկոսը հնարավորություն ունի օգտվել ինտերնետից:

Այս մասին նշեց ՀՀ ԲՏԱ նախարարի տեղակալ Ավետ Պողոսյանը Ինտերնետ կառավարման հայաստանյան 8-րդ համաժողովի շրջանակներում:

«Կառավարությունն իր ուշադրության կենտրոնում է պահում ՀՀ բնակավայրերը օպտիկամանրաթելային լայնաշերտ ինտերնետով ապահովելու ծրագիրը, և կառավարության 2021-2026 թվականների ծրագրում առկա է կետ՝ բնակավայրերի մինչև 80 տոկոսը մինչև 2026 թվականը օպտիկամանրաթելային լայնաշերտ ինտերնետով ապահովելու վերաբերյալ: Այս միջոցառման նպատակը այդ հարցի շուրջ մասնագետներին համախմբելն և լուծումներ գտնելն է»,- ասաց նախարարի տեղակալը:

Նրա համոզմամբ՝ մինչև 2026 թվականը Հայաստանի բնակավայրերի 80 տոկոսը ապահովված կլինի լայնաշերտ ինտերնետով (օպտիկամանրաթելային):

«Այս պահին բնակավայրերի 66 տոկոսն արդեն իսկ ապահովված է օպտիկամանրաթելային լայնաշերտ ինտերնետով, միևնույն ժամանակ ուզում եմ նշել, որ բնակչության 96 տոկոսը հնարավորություն ունի օգտվելու լայնաշերտ ինտերնետից: Մենք խոսում ենք շատ հեռավոր, փոքր բնակչություն ունեցող բնակավայերերի մասին, որտեղ ներդրումներ անելը տնտեսական առումով նպատակահարմար չեն: Այս դեպքում լուծումը տեսնում եմ սուբսիդավորման կամ օպերատորներին շահագրգռելու մեջ, որպեսզի այդ բնակավայրերում ինտերնետ հասանելիություն ապահովեն: Մենք այս պահին ունենք գործիքակազմ. կառավարությունը պատրաստ է սուբսիդավորել այն համայնքներին, որոնք նման հայտ կներկայացնեն: Այս պահի դրությամբ համայնքներից որևէ մեկը հայտ չի ներկայացրել, ինչը նշանակում է, որ ինտերնետ հասանելիությունը բավականին լավ վիճակում է գտնվում»,- նշեց Պողոսյանը:

Նրա համոզմամբ՝ այս պահին ինտերնետ հասանելիության առումով Հայաստանը առաջատար դիրքեր է զբաղեցնում: Նման կարծիք հայտնեց նաև Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը:

«Պետք է արձանագրել, որ ինտերնետի հասանելիությունը մարդկությանը տվել է նոր տեխնոլոգիաների միջոցով այլընտրանքային կրթություն ստանալու հնարավորություն: Ինտերնետ հասանելիությունը տարբեր համայնքներում, սահմանամերձ գյուղերում հնարավորություն կստեղծի օգտվել կրթական տարբեր ռեսուրսներից՝ վերապատրաստվել, զարգանալ, լեզուներ սովորել: Այն նաև լայն հնարավորություններ է ստեղծել տրանսպորտային և լոգիստիկ համակարգի համար»,- նշեց Արշակյանը:

Արշակյանն ընդգծեց, որ Հայաստանը, հաշվի առնելով բոլոր հանգամանքները, չափազանց կարևորում է համայնքներում ինտերնետի հասանելիությունը:

ՀՀ ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը նշեց՝ համաժողովի շրջանակում մշտապես քննարկվում են ինտերնետի կառավարմանը վերաբերող արդիական հարցեր, ինչպես օրինակ՝ ինտերնետի զարգացման հնարավորությունները, ռիսկերին դիմակայելու ճանապարհները, համընդհանուր լուծումների մշակումը և այլն: Նա կարևորեց, որ քննարկումներում ներգրավված են պետական, հասարակական, մասնավոր հատվածների ներկայացուցիչներ, որոնք խնդիրը և խնդրին ուղղված լուծումները դիտարկում են տարբեր տեսանկյուններից և բերում համակողմանի լուծումների:

«Համացանցն այսօր գրավել է ամբողջ աշխարհը: Եվ այս համատեքստում թվային փոխակերպումը ներկայում անխուսափելի գործընթաց է: Այս առումով Հայաստանի կառավարության առաջնահերթություններից է թվային արդիական միջավայրի ստեղծումը՝ պետական կառավարման բոլոր ոլորտներում գիտելիքի և տեխնոլոգիաների հիման վրա հասանելի, մատչելի, հուսալի, անվտանգ, բարձրորակ և մրցունակ ծառայությունների ապահովումը՝ ուղղված Հայաստանի տնտեսության զարգացմանը, բնակչության կյանքի որակի բարձրացմանը»,- ասաց նախարարը:

Նրա խոսքով՝ այս նպատակին հասնելու համար Կառավարության հնգամյա ծրագրում հստակ նախանշված են միջոցառումներ, ինչպիսիք են՝ նույնականացման արդիական համակարգի ներդրում, հանրային ծառայությունների թվայնացում, դրանց առցանց հասանելիության ապահովում, բնակչության թվային գրագիտության բարձրացում և թվային գործիքների կիրառման խթանում, իրավաբանական անձանց և քաղաքացիների հետ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների՝ էլեկտրոնային եղանակով հաղորդակցության ապահովում և մի շարք այլ ծրագրեր:

«Հայաստանի Հանրապետությունը թվայնացման ոլորտում իր քաղաքականությունն իրականացնում է Հայաստանի թվայնացման 2021-2025թթ. ռազմավարության միջոցով, սակայն ներկայում, հաշվի առնելով ոլորտում իրականացվող և իրականացվելիք ինստիտուցիոնալ բարեփոխումները, ընթանում են նաև ռազմավարության վերանայման աշխատանքներ՝ այն արդի իրավիճակին համապատասխանեցնելու համար: Թվային փոխակերպումը Հայաստանում վերջերս նոր թափ է հավաքել, անելիքները շատ են, և պահանջում են բոլորիս գործուն մասնակցությունը»,- եզրափակեց նախարարը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս