Բաժիններ՝

ԿԺԴՀ-ն բացատրել է մի շարք երկրներում իր դեսպանատների փակումը

Հյուսիսային Կորեայում հայտարարել են, որ որոշ երկրներում դեսպանատների փակումն արտաքին քաղաքական գերատեսչության աշխատանքի սովորական վերակառուցման մի մասն է՝ միջազգային փոփոխվող իրավիճակին համապատասխան։ Այս մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից։

«Մենք փակում կամ բացում ենք դիվանագիտական ​​ներկայացուցչություններն այլ երկրներում՝ փոփոխվող միջազգային իրադրությանը և պետության արտաքին քաղաքականությանը համապատասխան», – ասել է ԿԺԴՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

«Դիվանագիտական ​ներուժի արդյունավետ վերաբաշխումը և կառավարումը սովորական աշխատանքի մի մասն է, որն ուղղված է այլ երկրների հետ հարաբերություններում ինքնիշխան պետության ազգային շահերի առաջմղմանը: Մենք նախկինում էլ նման միջոցներ ենք ձեռնարկել», – հավելել է պաշտոնական ներկայացուցիչը:

Նրա խոսքով՝ անհրաժեշտ որոշումներ կկայացվեն նաև ապագայում՝ աշխարհում տիրող իրադրությանը համապատասխան։

Հարավային Կորեայի միավորման նախարարությունը հայտարարել էր, որ Հյուսիսային Կորեայի այս քայլը ցույց է տալիս, որ երկիրը դժվարություններ ունի օտարերկրյա պետություններում գումար աշխատելու հետ, ինչի պատճառը միջազգային պատժամիջոցներն են։ Ըստ տարբեր փորձագետների՝ դեսպանատների փակումը նաև վկայում է Հյուսիսային Կորեայի տնտեսական անկման մասին։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, Հյուսիսային Կորեան շուրջ մեկ տասնյակ դեսպանատներ է փակել Իսպանիայում, Հոնկոնգում և աֆրիկյան մի շարք երկրներում։ Ըստ Reuters գործակալության՝ փակվել է Փհենյանի դիվանագիտական առաքելությունների 25 %-ը։

Հյուսիսային Կորեան պաշտոնական հարաբերություններ ունի 159 երկրների հետ, սակայն դիվանագիտական առաքելություններ ունի 53 օտարերկրյա պետություններում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս