Պուտինը ստորագրել է Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի վավերացումը հետ կանչող օրենքը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ստորագրել է օրենքը, որի համաձայն Ռուսաստանը հետ է կանչում Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի (ՄՓՀԱՊ) վավերացումը։ Փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական հարթակում։ Այդ մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից:
Պայմանագիրը Ռուսաստանի անունից ստորագրվել էր 1996 թվականի սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում և վավերացվել 2000 թվականի մայիսի 27-ին։ Փաստաթուղթը պետք է դառնար բոլոր տեսակի միջուկային փորձարկումների դադարեցման հիմնական միջազգային իրավական միջոցը։ Սակայն մինչ օրս պայմանագիրն այդպես էլ ուժի մեջ չի մտել, քանի որ այն չեն վավերացրել 44 պետություններից 8-ը, որոնք ունեն միջուկային զենք կամ դրա ստեղծման պոտենցիալ հնարավորություններ։
Ընդունված օրենքը մշակվել էր միջուկային սպառազինությունների նկատմամբ վերահսկողության բնագավառում պարտավորությունների հավասարության վերականգնման նպատակով։
Օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից: