Ռուբեն Վարդանյանին ձերբակալելը, մեղադրանք առաջադրելը ճնշում է ամբողջ աշխարհի 10 միլիոն հայերի նկատմամբ. Նուբար Աֆեյան
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, ձեռնարկատեր եւ բարերար, Moderna ընկերության համահիմնադիր եւ տնօրենների խորհրդի նախագահ Նուբար Աֆեյանը հարցազրույց է տվել CNN-ի մեկնաբան Քրիստիան Ամանփուրին՝ խոսելով Արցախի ու արցախահայության հետ տեղի ունեցածի, Արդրբեջանի իշխանությունների կողմից «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության մյուս համահիմնադիր, բարերար Ռուբեն Վարդանյանի ձերբակալության մասին:
Պատասխանելով Քրիստիան Ամանփուրի հարցին, թե ինչպես է ստացվում, որ Լեռնային Ղարաբաղում 24 ժամում տեղի են ունենում իրադարձություններ, որոնք աննկատ են մնում և Լեռնային Ղարաբաղն աննկատ ոչնչանում է, Նուբար Աֆեյանը նշել է, շուրջ 26 տարվա հարաբերական խաղաղությունից և բանակցություններից հետո չհաջողվեց հասնել երկարատև խաղաղության: 2020 թվականի պատերազմից երկու տարի անց Ադրբեջանը շրջափակել է Արցախի մնացած տարածքները, իսկ այս տարվա սեպտեմբերին Ադրբեջանը ռազմական հարձակում է իրականացրել, ինչը հանգեցրել է տեղի բնիկ ժողովրդի հեռացմանը:
Պատասխանելով ահազանգելու անձնական դրդապատճառների մասին հարցին՝ Նուբար Աֆեյանը նկատել է, որ ինքը հայ է, որը ստիպված է եղել տեղահանվել սերունդներով:
«Անցած 25 տարիներին իմ գործընկերների հետ խորապես ներգրավված եմ եղել Հայաստանում տնտեսական և սոցիալական զարգացման նախագծերում: Մասամբ դա ինձ մղեց մարդասիրական նախագծերի ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում՝ սկսելով «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը և համանուն մրցանակը: Սրանով անցած մեկ-երկու տասնամյակում ես առնչվեցի այդօրինակ խնդիրների հետ:
Օսմանյան թուրքերի կողմից իմ պապի և նրա ընտանիքի հետապնդումներից մեկ դար անց ես հայտնվեցի աշխարհով մեկ այլ ճնշումներից ու ցեղասպանություններից փրկվողներին օգնելու կարգավիճակում: Միևնույն ժամանակ, այսպիսի գործունեությամբ ես սփոփվում էի, որ նման իրադարձություններ այլևս տեղի չեն ունենա հայերի հետ: Բայց երեք տարի առաջ դա նորից սկսեց տեղի ունենալ, ի դեպ, համավարակի շղարշի ներքո: Դուք, ես, մենք տեսնում ենք, որ աշխարհը հետևում է և ոչինչ չի անում, և նման պայմաններում դժվար է հասնել ոչ միայն արդարության, այլև խաղաղության»,-ասել է Աֆեյանը:
Քրիստիան Ամանփուրը նաև հարց է ուղղել Ադրբեջանի իշխանությունների կողմից Ռուբեն Վարդանյանի ձերբակալման մասին. «Ցանկանում եմ խոսենք մի մարդու մասին, որի հետ դուք իրականացրել եք ձեր նշած բարեգործական գործունեությունը: Դուք, ինչպես հայտնիներից Ջորջ Քլունին, Խաղաղության Նոբելյան դափնեկիր Լեյմա Գբովին նրա հետ աշխատել եք «Ավրորա» նախաձեռնության շրջանակում: Ադրբեջանը նրան բազմաթիվ մեղադրանքներ է ներկայացրել՝ ահաբեկչության ֆինանսավորում, նրանց ասելով՝ անօրինական զինված խմբավորումներ և այլն: Ո՞րն է ձեր արձագանքն այս ձերբակալությանը և այս մեղադրանքներին»,-հարցադրում է արել CNN-ի մեկնաբանը:
Նուբար Աֆեյանը հարցն իր համար շատ ցավոտ է համար՝ նշելով, որ Ռուբեն Վարդանյանի հետ աշխատել է 23 տարի, մարդասիրական, բարեգործական տասնյակ նախագծերի շրջանակում: «Ես տեսել եմ նրա դերը, նրա ներդրումը ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում: Ռուբենը, խորապես մտահոգված լինելով իր ժողովրդի ճակատագրով, անցած աշնանը տեղափոխվեց Լեռնային Ղարաբաղ, որը մենք անվանում ենք Արցախ, որպեսզի օգնի այնտեղ ապրող մարդկանց վերականգնել արժանապատվությունը և փորձի նպաստել ճնշումներին դիմանալուն: Այդ ընթացքում նա երեք ամիս զբաղեցրեց պետնախարարի պաշտոնը՝ անցած տարվա նոյեմբերից մինչև 2023 թ. փետրվար:
Դրանից հետո էլ նա մնաց այնտեղ և իրականացնում էր մարդասիրական նախագծեր՝ օգնելով մարդկանց հաղթահարել դժվարությունները: Երբ սկսվեց այս վերջին` մեկօրյա անսպասելի պատերազմը, Ադրբեջանը հայտարարեց, որ մարդիկ կարող են ազատ հեռանալ, և Ռուբենը մյուսների հետ փորձեց հեռանալ, սակայն նրան ձերբակալեցին և առաջադրեցին մեղադրանքներ, որոնք ոչ մի հիմք չունեն, որևէ ապացույցներ չեն ներկայացվել:
Փաստացի, Քրիստիան, Ռուբենը ամբողջ աշխարհի հայերի խորհրդանիշն է:
Ռուբենը, որպես հաջողակ գործարար և բարերար, Հայաստանի ամենահայտնի քաղաքացին է աշխարհում և նրան ձերբակալելը, դրանից շոու սարքելն ու մեղադրանքներ առաջադրելը հոգեբանական ճնշում է ամբողջ աշխարհի 10 միլիոն հայերի նկատմամբ, որոնք արդեն մեկ անգամ անցել են դրա միջով: Սա երկրորդ դեպքն է, երբ մենք խոսում ենք 120 հազար մարդու մասին, որոնք բնիկ են և ստիպված են եղել լքել իրենց հողը: Դա դասական էթնիկ զտում է, և դա ես չեմ ասում, դա միջազգային փորձագետների մեծ մասի գնահատականն է, որոնք խոսել են անցած ամիսներին և ասել, որ այս ամբողջը, ինչ տեղի ունեցավ՝ նախ շրջափակումը, հիմա էլ տեղի ունեցածը, էթնիկ զտում է:
Ու այդ ամենի վերջում էլ Ռուբենը և ևս յոթ այլ ղեկավարներ ձերբակալվում են, նրանց սպառնում են շոկային դատավարություններ: Ես հույս ունեմ, որ միջազգային հանրությունն անտարբեր չի մնա, որովհետև այս ամենը խրախուսում է ավելի ու ավելի շատ անարդարություն և անպատժելիություն»,-եզրափակել է Նուբար Աֆեյանը: