Ծանր վիճակ ջերմոցային տնտեսություններում. ի՞նչ բացասական սպասումներ են առկա. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Բավական ծանր, գրեթե կոլապսային վիճակ է ստեղծվել ջերմատնային մշակաբույսերի արտադրության ոլորտում: «Փաստ» թերթի տեղեկություններով, ջերմոցային տնտեսությունների զգալի մասն այս փուլում խուսափել է սածիլներ «դնել» մի քանի էական պատճառներով: Առաջին ու հիմնական պատճառը անորոշությունն է: Նախ՝ հայ-ռուսական վատթարացող հարաբերությունների ֆոնին տնտեսվարողների շրջանում առկա են վատ սպասումներ, առավել ևս, որ մասնակի անբարենպաստ հետևանքներ արդեն իսկ ի հայտ են գալիս:

Ըստ այդմ, անհանգստություններ կան իրացման շուկայի հետ կապված, քանզի կանխատեսելի չեն առաջիկայում ՌԴ արտահանում իրականացնելու հնարավորությունները, Լարսի անցակետում սպասվող խոչընդոտները, այդ թվում՝ արհեստական: Երկրորդ բացասական սպասումը կապված է գազի գնի հետ: Բանն այն է, որ հայ-ռուսական հարաբերությունների վատացման նման արագընթաց «ռեժիմի» պարագայում չի բացառվում գազի գնի բարձրացումը՝ անկախ թանկացման չափից:

Ի վերջո, գազի գնի նույնիսկ ամենափոքր բարձրացումը կարող է մեծ հարված հասցնել ջերմոցային տնտեսություններին, քանզի վերջիններիս արտադրանքի ինքնարժեքում գազի գինն ահռելի տոկոս է կազմում: Ըստ այդմ, հաշվի առնելով առկա անորոշությունները և ելնելով վերոնշյալ ու մի քանի այլ անհանգստություններից՝ ջերմատների մեծ մասն այդպիսով փորձում է ապահովագրվել հավանական խոշոր վնասներից»:

Տեսանյութեր

Լրահոս