
Ախուրյան համայնքում անչափահասի կրակոցից վնասվել է համագյուղացի աղջիկը

Շիրակի մարզի Ախուրյան համայնքում հոկտեմբերի 30-ին արտակարգ պատահար է տեղի ունեցել՝ խաղահրապարակում 13-ամյա անչափահաս տղան «Տիր» տեսակի հրացանով կրակել է, ինչի հետևանքով մետաղյա փամփուշտը դիպել է համագյուղացի 11-ամյա աղջկան: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ աղջիկը տեղափոխվել է Գյումրու Ավստրիական մանկական հիվանդանոց: Ըստ հիվանդանոցի տնօրենի պաշտոնակատար Կարեն Գևորգյանի՝ երեխային հետազոտել են, միջնորմում օտար մարմին է հայտնաբերվել, որից հետո աղջիկը տեղափոխվել է Երևան։ «Օտար մարմինը հայտնաբերվել է աջ թոքի հատվածում, հավանաբար թոքը վնասված էր: Երևանյան մեր գործընկերներին տեղյակ պահեցինք, քննարկեցինք իրավիճակն ու երեկ երեկոյան աղջկան սանավիացիայի մեքենայով տեղափոխեցինք մայրաքաղաքի «Սուրբ Աստվածամայր ԲԿ»»,-նշեց Կարեն Գևորգյանը:
Ախուրյանի համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանի խոսքով՝ դեպքը խաղահրապարակում է տեղի ունեցել: «Տղա երեխան ծնողներից թաքուն «Տիր»-ի հրացանը վերցրել, տանից դուրս է եկել: Խաղահրապարակում ուզեցել է կրակել, կպել է խաղընկերուհուն: Երեխաները մշտապես այդ խաղահրապարակում են խաղում, նաև նույն դպրոցում են սովորում»,-տեղեկացրեց Զավեն Մանուկյանը։
Արմենուհի Մխոյան