Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատումը Եվրամիության հիմնական նպատակներից է․ Վասիլիս Մարագոս
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատումը Եվրամիության հիմնական նպատակներից մեկն է։
Այս մասին հայտարարեց Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը։
«Հոկտեմբերի սկզբին Գրանադայում տեղի ունեցած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում Եվրամիությունը կրկին դատապարտել է Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ Ադրբեջանի ռազմական գործողությունը և ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքի անհրաժեշտությունը։ Մենք շարունակում ենք նվիրված լինել այս ջանքերին։ Մեր անմիջական ուշադրության կենտրոնում են Լեռնային Ղարաբաղի ավելի քան 100 հազար բնակիչների մարդասիրական կարիքները, որոնք ապաստան են գտել Հայաստանում»,- ասաց նա։
Դեսպանը հավելեց, որ ԵՄ-ն և Հայաստանը վճռական են ամրապնդելու իրենց կապերը՝ աշխատելով Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի ամբողջ ներուժը բացահայտելու ուղղությամբ։