Եգիպտոսը համաձայնել է թույլ տալ տասնյակ ծանր վիրավորների դուրս բերել Գազայից «Ռաֆահ» անցակետով․ France 24
։ Եգիպտոսը համաձայնել է Գազայի հատվածում ծանր վիրավորում ստացած պաղեստինցիներին ընդունել բուժման համար՝ թույլ տալով մարդկանց անցումը «Ռաֆահ» անցակետով, որը պաղեստնաիսրայելական վերջին հակամարտության ընթացքում փակվել էր։ Այս մասին հաղորդում է France 24 պարբերականը՝ վկայակոչելով աղբյուրների։
Նշվում է, որ Գազայի հատվածի սահմանապահները հայտնել են, որ Եգիպտոսը նոյեմբերի 1-ին կընդունի 81 վիրավորի։
«Անցակետի մոտ ներկա կգտնվեն բժշկական թիմեր՝ զննելու վիրավորներին… և որոշելու, թե ո՛ր հիվանդանոցներ նրանք պետք է տեղափոխվեն», – AFP գործակալությանը հայտնել է բժշկական պաշտոնյաներից մեկը։
«Ռաֆահ» անցակետի անվտանգության աշխատակիցներից մեկը հաստատել է այս տեղեկությունը։
ԱՄՆ-ն հույս է հայտնել, որ վիրավորների անցումը հնարավորություն կստեղծի, որ հարյուրավոր պաղեստինցի-ամերիկացիներ, որոնք գտնվում են Գազայում, կարողանան դուրս գալ «Ռաֆահ»-ով։ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը հայտնել է, որ երբ կոնկրետ տեղեկատվություն լինի նման հնարավորության վերաբերյալ, Գազայում գտնվող ԱՄՆ քաղաքացիներն այդ մասին կտեղեկացվեն։
Օտարերկրյա կառավարությունները հայտնել են, որ Գազայի հատվածում ապրում են 44 երկրների քաղաքացիներ, որոնք նաև աշխատում են 28 տարբեր գործակալություններում, այդ թվում՝ ՄԱԿ-ի կառույցներում։
«Ռաֆահ» անցակետով վերջին օրերին նաև տասնյակ բեռնատարներ են մտել Գազայի հատված՝ հումանիտար բեռներ հասցնելով ծայրահեղ ծանր վիճակում գտնվող բնակիչներին։
Հոկտեմբերի 7-ից ի վեր, երբ ՀԱՄԱՍ-ի անակնկալ հարձակման հետևանքով սպանվեց իսրայելցի շուրջ 300 զինվոր և 1100 քաղաքացիական անձ, Իսրայելը ավիահարվածներ է հասցնում Գազայի հատվածին, ինչպես նաև ընդլայնել է իր ցամաքային գործողությունները։ Այժմ ՀԱՄԱՍ-ի հետ մարտերում սպանված իսրայելցի զինվորականների թիվը կազմում է 326։ ՀԱՄԱՍ-ի մոտ գերի է պահվում Իսրայելից առևանգված շուրջ 240 մարդ։
Պաղեստինի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ Իսրայելի գնդակոծությունների հետևանքով ավելի քան 8500 մարդ է սպանվել, այդ թվում՝ հազարավոր երեխաներ։ Իսրայելի շրջափակման հետևանքով Գազայի հատվածում հումանիտար ծանր իրավիճակ է ստեղծվել։