Ես վստահ եմ՝ եթե Մհեր Սահակյանը չնախականխեր, իշխանական պատգամավորներն իրեն էին ծեծելու. Նարեկ Սամսոնյան
Այսօր Երևան քաղաքի քրեական դատարանի Աջափնյակ և Դավիթաշեն նստավայրում՝ դատավոր Տիգրան Ոսկանյանի նախագահությամբ, սկսվեցին հասարակական գործիչ, «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ, Antifake.am կայքի հիմնադիր Նարեկ Սամսոնյանի վերաբերյալ դատական լսումները:
Քրեական վարույթի առարկան 2023թ. ապրիլի 1-ին հեռարձակված «Իմնեմնիմի» փոդքասթի շրջանակներում Նարեկ Սամսոնյանի արտահայտած տեսակետներն են: Վերջինս մեղադրվում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի կողմից ՔՊ-ական Վլադիմիր Վարդանյանի նկատմամբ իրականացված բռնությունն իբր արդարացնելու համար, մինչդեռ Նարեկ Սամսոնյանը պնդում է՝ ոչ թե արդարացրել են բռնությունը, այլ ողջունել դաշնակցական պատգամավոր Մհեր Սահակյանի կողմից իրականացված ինքնապաշտպանությանն ուղղված գործողությունը: Վերջինս նիստի ընթացքում կրկին պնդեց՝ ինքը ողջունում է ինքնապաշտպանության ցանկացած դրսևորում: Նարեկ Սամսոնյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված բացակայելու արգելքը:
Դատական նիստի ընթացքում Նարեկ Սամսոնյանի շահերը ներկայացնում է փաստաբան Ռուբեն Մելիքյանը, ով նիստի ընթացքում հայտարարությամբ հանդես եկավ՝ նշելով, որ Նարեկ Սամսոնյանն իրեն վերագրվող արարքի հետ առնչություն չունի:
Այնուհետև դատարանում հետազոտվեց խնդրո առարկա տեսանյութը, որից հետո թե Նարեկ Սամսոնյանը, թե Ռուբեն Մելիքյանը պնդեցին՝ Նարեկ Սամսոնյանին առաջադրված մեղադրանքը սին է ու հիմնազուրկ:
«Ես վստահ եմ՝ եթե Մհեր Սահակյանը չնախականխեր, իշխանական պատգամավորներն իրեն էին ծեծելու: Մենք տեսել ենք, թե Ազգային ժողովում ՔՊ-ական պատգամավորները քանի անգամ են հարձակվել ընդդիմադիր պատգամավորների վրա»,- ասաց Նարեկ Սամսոնյանը՝ ներկայացնելով նաև ՔՊ-ականների կողմից բռնության կոչ հնչեցնելու այլ օրինակներ, որոնք որևէ քրեաիրավական գնահատականի չեն արժանացել:
Վերջինս մասնավորապես հիշեցրեց ԱԺ Մարդու իրավունքների և հանրային հարցերի պաշտպանության հանձնաժողովում ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյանի ու մյուսների կոչերը Էդգար Ղազարյանին բռնության ենթարկելու վերաբերյալ, ինչպես նաև Անդրանիկ Քոչարյանի՝ Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանին ուղղված կոչը:
Դատական նիստը հետաձգվեց մինչև դեկտեմբերի 22-ը:
Մանրամասները՝ տեսանյութում: