Ջաբալիայի փախստականների ճամբարին Իսրայելի ավիահարվածների հետևանքով 50 պաղեստինցի է զոհվել
Իսրայելն ավիահարվածներ է հասցրել Գազայի հատվածում գտնվող փախստականների ճամբարին, որի հետևանքով 50 պաղեստինցի է զոհվել։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ հոկտեմբերի 31-ին Գազայի հյուսիսում գտնվող Ջաբալիա քաղաքին հարվածների ընթացքում սպանվել է նաև պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման հրամանատարներից մեկը, որն առանցքային դերակատարում ուներ Իսրայելի դեմ հարձակման պլանավորման և իրականացման գործում։
ԻՊԲ-ն նաև հայտնել է իսրայելցի 11 զինվորի զոհվելու մասին․ սա մեկ օրում Իսրայելի զինված ուժերի կողմից ամենամեծ թվով կորուստն է հոկտեմբերի 7-ից ի վեր, երբ ՀԱՄԱՍ-ի անակնկալ հարձակման հետևանքով սպանվեց 300 զինվոր և շուրջ 1100 քաղաքացիական անձ։ Այժմ ՀԱՄԱՍ-ի հետ մարտերում սպանված իսրայելցի զինվորականների թիվը կազմում է 326։
ՀԱՄԱՍ-ի խոսնակը հերքել է Իսրայելի այն հայտարարությունները, որ Ջաբալիայում գտնվել է շարժման բարձրաստիճան հրամանատարներից մեկը, և Իսրայելին մեղադրել է քաղաքացիական անձանց վրա հարձակվելու համար դա որպես պատրվակ օգտագործելու մեջ։ Իսկ Իսրայելն իր հերթին բազմիցս մեղադրել է ՀԱՄԱՍ-ին իր ռազմական օբյեկտները քաղաքացիական ենթակառուցվածքների մոտ տեղակայելու մեջ։
Իսրայելը հարվածներ է հասցնում Գազային հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի իրականացրած հարձակումից ի վեր։ ՀԱՄԱՍ-ի մոտ գերի է պահվում շուրջ 240 մարդ։
Պաղեստինի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ Իսրայելի պատասխան հարվածներից ավելի քան 8500 մարդ է սպանվել