Ականատեսները հայտնել են, որ իսրայելական ուժերն արգելափակել են Գազայի հատվածի հյուսիսից հարավ տանող ճանապարհներից մեկը
Պաղեստինցի ականատեսները հաղորդել են, որ իսրայելական տանկը և զրահապատ մեքենան փակել են Գազայի հատվածի առանցքային ճանապարհներից մեկը, որը անկլավի հյուսիսը կապում է հարավին, և մոտեցել են Գազա քաղաքին։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Նշվում է, որ ըստ ականատեսների՝ իսրայելական զրահատեխնիկան Սալահ-ալ-դին ճանապարհի վրա է եղել՝ Կարնի-Նեթզարիմ խաչմերուկի մոտ։
Սոցիալական ցանցերում տարածվել են տեսանյութեր, որոնցում երևում է, թե ինչպես է մի մեքենա տանկին մոտենալուց հետո շրջադարձ անում, որից հետո տանկը կրակ է բացում և ոչնչացնում մեքենան։
Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Դանիել Հագարիին առավոտյան ճեպազրույցի ժամանակ հարցրել են իսրայելական տանկերի մասին, սակայն նա հրաժարվել է մեկնաբանել տարածված տեղեկությունները։
Իսրայելական ուժերն ավելի վաղ հայտնել էին, որ վերջին 24 ժամվա ընթացքում ընդլայնել են իրենց ցամաքային գործողությունները Գազայում։ ԻՊԲ-ի տեղեկացմամբ՝ իսրայելական ուժերին հաջողվել է «չեզոքացնել տասնյակ ահաբեկիչների»։
Հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի՝ Իսրայել ներխուժումից հետո իսրայելական կողմը շրջափակել է Գազան և հարվածներ է հասցնում այնտեղ գտնվող հարյուրավոր թիրախների։ Իսրայելում զոհերի թիվը 1400 է, ևս 239 մարդ գերի է վերցվել ՀԱՄԱՍ-ի կողմից։
Պաղեստինյան առողջապահական իշխանությունները հայտնել են, որ իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 8005-ի, նրանց թվում կա 3324 երեխա։