Պետության ներքին պարտքը կավելանա. գների կայունության ուղղությամբ կարող են ռիսկեր առաջանալ. Մարտին Գալստյան
«Հայաստանի տնտեսական զարգացման հեռանկարների վերաբերյալ անորոշությունների էական ավելացման և դրա ներքո հարկաբյուջետային քաղաքականության հնարավոր ճշգրտումների պայմաններում կարող են էական ռիսկեր առաջանալ մակրոտնտեսական և գների կայունության ուղղությամբ։ Նման պայմաններում Կենտրոնական բանկը կշարունակի վերջին տարիներին որդեգրած պահանջարկի կարգավորման և գնաճային կայունացման սպասման քաղաքականության հետևողական իրականացումը»,- ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ընթացքում ասաց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
ԿԲ նախագահի գնահատմամբ՝ 2024 թվականի պետական բյուջեի նախագծով նախանշված ընդլայնող հարկաբյուջետային քաղաքականությունը թեև պահպանվող բարձր պահանջարկի պայմաններում կարող է պարունակել որոշակի ռիսկեր մակրոտնտեսական կայունության ապահովման տեսանկյունից, սակայն շեշտադրեց Կառավարության հետևողականությունը տնտեսական ներուժի խթանմանն ուղղված պետական ներդրումների աճի նպատակադրումներին։
«Պետք է նշել, որ տարածաշրջանում մարտահրավերների սրման և դրանից բխող բացասական ազդեցությունները կլանելու ու չեզոքացնելու նպատակով առաջնային նշանակություն ունի հարկաբյուջետային ռիսկերի համարժեք գնահատումն ու հասցեագրումը։ Ինչը կարող է առանցքային լինել կարճաժամկետ և միջնաժամկետ հատվածում մակրոտնտեսական կայունության և հարկաբյուջետային ճկունության, իսկ երկարաժամկետ հորիզոնում՝ նաև պարտքի կայունության ապահովման համար»,- շեշտեց ԿԲ նախագահը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում