Միլիոնանոց դրամաշնորհների շքերթ՝ նոր չափորոշիչներով նոր դասագրքերի համար

Հոկտեմբերի 23-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը դրամաշնորհի 10 պայմանագիր է կնքել «Հանրակրթական պետական չափորոշչի» ներդրմամբ պայմանավորված նոր դասագրքերի ստեղծման համար: Այսպիսով՝

 «Մարի» հրատարակչությունը պետությունից ստացել է 5 միլիոն 300 հազար դրամ 5-րդ դասարանի անգլերենի դասագրքի համար,

«Մասնակցային դպրոց» կրթական հիմնադրամը՝ 29 միլիոն 750 հազար դրամ՝ 2-րդ դասարանի «Ես և շրջակա աշխարհը», 5-րդ դասարանի «Մաթեմատիկա», 7-րդ դասարանի «Հանրահաշիվ», «Հայոց պատմություն», «Հասարակագիտություն» առարկաների դասագրքերի համար,

«Աստղիկ» գրատունը՝ 50 միլիոն 400 հազար դրամ՝ 2-րդ դասարանի «Ես և շրջակա աշխարհը», 5-րդ դասարանի՝ «Բնություն», «Ֆիզկուլտուրա», «Տեխնոլոգիա» և 7-րդ դասարանի՝ «Հայոց լեզու», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» դասագրքերի համար:

Կարդացեք նաև

«Էդիտ պրինտ» ՍՊԸ-ն՝ 107 միլիոն 100 հազար դրամ՝ 2-րդ դասարանի մայրենիի, մաթեմատիկայի, տեխնոլոգիայի, 5-րդ դասարանի մայրենիի, բնության, տեխնոլոգիայի, 7-րդ դասարանի հանրահաշվի, երկրաչափության, ֆիզիկայի, համաշխարհային պատմության և 10-րդ դասարանի դասագրքերի համար:

«Զանգակ» հրատարակչությունը ստացել է 110 միլիոն 200 հազար դրամ՝ 2-րդ դասարանի «Մաթեմատիկա», «Կերպարվեստ», «Երաժշտություն», «Թվային գրագիտություն» դասագրքերի ստեղծման համար, նաև՝ 5-րդ դասարանի անգլերեն, գերմաներեն, երաժշտություն առարկաների դասագրքերի համար, 7-րդ և 10-րդ դասարանների մի շարք դասագրքերի համար:

Վաչագան Սարգսյանն էլ շուրջ 6 միլիոն 300 հազար դրամ է ստացել 2-րդ դասարանի «Մայրենի»-ի դասագրքի ստեղծման համար:

«Անտարես» ՍՊԸ-ն ստացել է 18 միլիոն 900 հազար դրամ՝ 5-րդ դասարանի «Թվային գրագիտություն» և 7-րդ դասարանի «Գրականություն», «Կենսաբանություն» դասագրքերի համար:

Հիշեցնենք, որ այս ՍՊԸ սեփականատեր ու տնօրեն Արմեն Մարտիրոսյանը դեռ 2020 թվականին աղմկահարույց հայտարարություններով էր աչքի ընկել՝ հայերիս մեղադրելով «26 տարի այլ պետության տարածքը» իբրև թե զավթելու մեջ, իսկ այժմ նախընտրում է լռել և դրամաշնորհներ ստանալ, երբ ադրբեջանական զինված ուժերը մեր սուվերեն տարածքում վրաններ են դրել, երբ հայաթափել են բնիկ արցախցիներին:

Նշենք, որ Մարտիրոսյանին պատկանող այս ընկերությանը պետբյուջեից «մեկ անձից» գնման ընթացակարգով հատկացվել էր շուրջ 50 միլիոն դրամ` Նիկոլ Փաշինյանի արտաբերած «Հայաստանն իմ օջախն է։ Ժողովուրդն իմ ընտանիքն է» գովազդային պաստառների հրապարակման համար:

«Հայաստանի շախմատի ակադեմիա» հիմնադրամը՝ 6 միլիոն 300 հազար դրամ՝ 2-րդ դասարանի Շախմատի դասագրքի և վարժությունների տետրի համար:

Քնարիկ Բդոյանը՝ դարձյալ 6 միլիոն 300 հազար դրամով ստանձնել է 7-րդ դասարանի «Քիմիա» դասագրքի ստեղծումը:

Ի դեպ, նոր չափորոշիչներով նոր դասագրքերից մի քանիսի մասին աղմուկը չի դադարում. ամենաքննարկվածը 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» առարկայի դասագիրքն է, որտեղ քարտեզներից մեկում Արցախն ընդգրկված է Ադրբեջանի կազմում, ինչպես նաև՝ ուրարտական տերության սահմանների մեջ ընդգծված չէ ներկայիս Հայաստանի Հանրապետությունը: «Թավշյա Ժողովրդավարության բաստիոն» Հայաստանի ԿԳՄՍ նախարարը թեման փակել է՝ «Համակերպվեք աղմուկի հետ» հորդորով:

Մեկ այլ խնդիր է դասագրքերի գույների ընտրությունը. ԼՀԿ խորհրդի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ 2-րդ դասարանի «Մայրենի»-ի դասագրքի էջերի գունաբաժանումը ճիշտ ադրբեջանական դրոշի գույներն են:

«Հիմա ուզում եմ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հոդաբաշխ բացատրի սրա նպատակը ու ինչի չի դրա փոխարեն մեր եռագույն դրոշի գույները։ Իսկ եթե սա մեկնաբանի` որպես վրիպակ, դա պարզապես ցույց կտա, թե էս նախարարությունն ինչ կարգի անփույթ ու տգետավարի է խմբագրել ու գրաքննության ենթարկել երեխաների դասագրքերը, որ 2-րդ դասարանի մայրենի լեզվի դասագիրքը մեր եռագույնի փոխարեն գունանշված է Ադրբեջանի դրոշով։ Դուք փորձանք եք էս երկրի համար»,- հավելել էր նա:

Տեսանյութեր

Լրահոս