Փաշինյանն Արևմուտքին իր իշխանությունն առաջարկում է՝ որպես այստեղից Ռուսաստանի ազդեցությունը հանելու գործոն․ Վլադիմիր Մարտիրոսյան
Վերջին շրջանում Հայաստանի քաղաքական դիսկուրսը ծավալվում է այն երկընտրանքի շուրջ, թե արդյո՞ք Փաշինյանի ծրագիրը մեծ հաշվով Հայաստանը ռուսական ազդեցությունից հանելն է։ Որոշ շրջանակներ կարծում են, որ այդ ծրագիրը կա, ոմանք էլ պնդում են, թե դա այնքան չի հասունացել, որ դրա վրա շեշտադրում արվի։ Այդ մարդիկ հղում են անում Պուտինի վերջին հարցազրույցներից մեկում ասված այն մտքին, որ մեր և ՌԴ-ի հարաբերությունները, այնուամենայնիվ, կայուն են, դրանց համար բավական շատ իրավաքաղաքական և պատմական հիմքեր կան։ Պուտինը դրանք չընդգծեց՝ որպես սրված հարաբերություններ, և շեշտադրեց հայ ժողովրդի հետ աշխատանքի և հայ հասարակության ընկալումների հարցը՝ առանձնացնելով հայկական իշխանություններին հայ ժողովրդից։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար, քաղաքագիտության թեկնածու, դոցենտ Վլադիմիր Մարտիրոսյանը։
«Վերջին շրջանում Փաշինյանը տարբեր պարբերականներին տված հարցազրույցներում փորձում է ձևակերպել իր քաղաքական նոր օրակարգը՝ դրան տալով տարբեր որակումներ՝ ինքնիշխանության համար պայքար, անկախ երկրի անկախության շարժման առաջնորդ, և այլն։ Նա փորձում է գտնել օրակարգ, որում կտեղավորվի, որտեղ իր վրա կկարողանան խաղադրույք անել, և Արևմուտքին առաջարկում է իր վրա խաղադրույք անելու օրակարգը։ Եթե դիտարկենք ամբողջ ընթացքը՝ Պրահայից մինչև Գրանադա և բրյուսելյան չեղարկված հանդիպում, կտեսնենք, որ այս բոլոր քաղաքական օրակարգերը Փաշինյանն առաջնային է ընկալում մեկ նպատակով՝ առաջարկել իր իշխանությունն ու քաղաքական կերպարը որպես Հայաստանի՝ Ռուսաստանի ազդեցության գոտուց հանելու գործոն, պատասխանատու և հավակնորդ»,- ասաց քաղաքագետը։
«Արևմուտքը՝ ԱՄՆ-ը և արևմտաեվրոպական երկրների՝ քաղաքական ազդեցություն և կշիռ ունեցող երկրները, մեզ ուղղված առաջարկ և օրակարգ չունեն։ Արևմուտքի հիմնական նպատակադրումներից մեկն այս իրավիճակում Հայաստանն օգտագործելն է՝ որպես Ռուսաստանի համար բազմաթիվ անհարմար իրավիճակներ առաջացնող երկիր, առավել ևս, որ Փաշինյանը դա փորձում է ի շահ և ի նպաստ իրեն օգտագործել։ Բոլորս գիտենք, թե ինչպես է տեղի ունենում ազդեցության գոտուց հանելու գործընթացը, և, թե դա ինչ երկար է տևում։ Մեր դեպքում գործ ունենք մի երկրի հետ, որն իր տարածքում ունի ռազմական ներկայություն, ռազմաքաղաքական և տնտեսական առումով՝ իրավապայմանագրային բավական մեծ բազա ՌԴ-ի հետ։ Կարծել, որ Փաշինյանն այն քաղաքական դերակատարն է, որը կկարողանա դա անել՝ առանց երկարատև և հիմնավոր ինստիտուցիոնալ աշխատանքի, անհիմն է»,- նշեց Վլադիմիր Մարտիրոսյանը։
Քաղաքագետի պնդմամբ՝ Հայաստանում ձևավորվել է արևմտամետության անառողջ քաղաքական մտածողություն, որը սնուցվում է նույն քաղաքական օրակարգը սպասարկող բազմաթիվ գործակալների և շահառուների կողմից․ «Այս ամենը որևէ կապ չունի արևմտամետության և այն քաղաքական ու մարդասիրական արժեքների հետ, որոնք ընկած են այդ հասարակարգերի և ժողովրդավարությունների հիմքում, որքան էլ դրանք հիմա շատերի կողմից կասկածի տակ են դրվում։ Դա արևմտամետություն կամ ժողովրդավարական արժեքների հավատամքի զգացողություն չէ, այլ ուղղակիորեն պատվերի անորակ կատարման փորձ է, որն ինքնին Արևմուտքին անհարիր է»:
«Մեզ սպասվող վնասներն այսօր շատ ավելի բազմապատկված են, և դրանց այս իշխանությունը որևէ կերպ չի կարող դիմակայել։ Այդ վնասներն ի վերջո անդրադառնալու են հայ հասարակության տարբեր շերտերի վրա։ Քաղաքականության ուղղակի շահառուն ստանում է այնպիսի արդյունքներ, որոնք անմիջականորեն ազդելու են իր կենցաղի, բարօրության և հնարավորությունների վրա։ Առկա հակասությունները գալիս են պաշտոնական Երևանի կողմից անհասկանալի և տարերային քաղաքականության իրացման հետևանքով»,- ամփոփեց Վլադիմիր Մարտիրոսյանը:
Մանրամասները՝ տեսանյութում