«Փաշինյանը խաղասեղանին դրել է մեր բոլորի կյանքը՝ միայն իր աթոռը պահելու համար». ՀՀԿ ԵԿ փոխնախագահ
ՀՀԿ ԵԿ փոխնախագահ Աշոտ Անդրեասյանը համոզված է, որ ինչպես Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության գալուց հետո, այնպես էլ հիմա պատերազմի վտանգը շարունակում է մնալ օդում կախված:
«Նիկոլ Փաշինյանն ավանտյուրիստ է, նա այն ղեկավարը չէ, որը կարող է Հայաստանի շահերը ներկայացնել այլ պետությունների առաջնորդների հետ բանակցելիս: Հենց Նիկոլ Փաշինյանով է պայմանավորված պատերազմի առաջին վտանգը: Նիկոլ Փաշինյանի նշանակած արտաքին գործերի նախարարը, դեսպանները, դիվանագետները չեն սպասարկում ՀՀ շահը»,- ասաց ՀՀԿ ԵԿ փոխնախագահը:
Անդրեասյանը նաև համոզմունք հայտնեց, որ «3+3»-ի տապալումից, ՌԴ-ի հետ հարաբերությունների վատացումից ու Արևմուտքի հետ անհասկանալի ու չհստակեցված հարաբերությունների պայմաններում Թուրքիան ու Ադրբեջանը կարող են հստակ գործողություններ իրականացնել՝ իրենց նպատակներին հասնելու համար:
«Փաշինյանը խաղասեղանին դրել է մեր բոլորի կյանքը, Հայաստանի Հանրապետությունը, և ամեն ինչ անում է միայն ի շահ իր զավթած՝ վարչապետի աթոռը պահելու: Աշխարհաքաղաքական ներկա իրավիճակում Արցախի հայաթափումը ևս ուղիղ կապ ունի Նիկոլի վարած քաղաքականության ու արած ամպագոռգոռ հայտարարությունների հետ»,- պնդեց Անդրեասյանը:
Այս համատեքստում նա նաև հիշեցրեց ՀՀ իշխանությունների՝ Արցախի անվտանգության երաշխավորությունը չստանձնելու, միայն 29.800 քկմ տարածքին տեր լինելու, Ադրբեջանի «տարածքային ամբողջականությունը՝ Արցախը ներառյալ» ճանաչելու և Ազգային ժողովի ամբիոնից Փաշինյանի արած մյուս հայտարարությունների մասին:
«Այն արցախցիները, Նիկոլի, Բաբայան Սամվելի ու նմանատիպ մարդկանց կողմից ուղղորդված ինչ-որ ակցիաներ էին անում Արցախի նախագահի դեմ, ինչն իրականում խուլիգանություն է, ի՞նչ էին պահանջում նրանից: Այդ արցախահայերը չէին գալիս էստեղ ու ջարդում Նիկոլ Փաշինյանի ու նրա աշխատակազմի գլուխը, երբ Փաշինյանը հայտարարում էր, որ Արցախն Ադրբեջանի կազմում է»,- ասաց Աշոտ Անդրեասյանը:
Իսկ Արցախի էջն, ըստ ՀՀԿ ԵԿ փոխնախագահի, այդուհանդերձ, չի կարող փակված լինել որևէ հայի համար, քանի որ Հայաստանի առջև ծառացած ժամանակավոր անհաջողությունները չեն կարող պատճառ դառնալ պատմականորեն հային պատկանող արժեքների վերացման:
«Մենք այսօրվա իրավիճակում ենք Նիկոլ Փաշինյանի կողմից իշխանությունը զավթելուց հետո, նրա հակահայ ու թուրքի առջև կզած քաղաքականության արդյունքում: Արցախյան էջը կարող է փակված լինել միայն Նիկոլ Փաշինյանի, Բաբայան Սամոյի ու նրանց նման մարդկանց համար, և ո՛չ հայի ու արցախցու»,- վստահեցրեց ՀՀԿ ԵԿ փոխնախագահը:
Աշոտ Անդրեասյանը տեսակետ հայտնեց, որ որևէ մարտ չի կարող պարտված ու ավարտված համարվել, քանի դեռ պայքարը շարունակվում է: Իսկ որևէ մեկը, ըստ նրա, չի ասել, որ Արցախը չի կարելի վերաազատագրել:
«Ճիշտ է, դա այս պահին գուցե դեռ իրատեսական չէ, այս պահին մենք ունենք պետականության խնդիր: Այս պահին մենք ունենք բանակը վերակազմավորելու խնդիր: Ազգի ու բանակի մարտական ոգին բարձրացնելու խնդիր: Դավաճան Նիկոլի ու նրա իշխանության հարցը լուծելու խնդիր: Սակայն այդ խնդիրները չեն կարող խոչընդոտել Արցախին վերաբերող օրհասական խնդրի ուղղությամբ գործողությունների իրականացմանը»,- ասաց Աշոտ Անդրեասյանը:
Նազելի Ստեփանյան