Բաժիններ՝

Ցույց են տրվել ատոմների «մագնիսականորեն հարուցված» անցումների օգնությամբ գերնեղ օպտիկական ռեզոնանսի ձևավորման հնարավորությունները

Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտում առաջին անգամ ստացվել է «էլեկտրամագնիսականորեն-հարուցված թափանցիկության» (ԷՀԹ) ռեզոնանս՝ օգտագործելով գերնեղ օպտիկական բջջում պարփակված ալկալի ատոմների մագնիսականորեն-հարուցված (զրոյական մագնիսական դաշտում արգելված) անցումները: Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիան։

Երկալիք լազերային դաշտերի ազդեցությամբ ատոմական գոլորշիներում տեղի ունեցող ԷՀԹ երևույթը հայտնաբերվել է դեռևս 30 տարի առաջ, և այսօր այն լայնորեն կիրառվում է այնպիսի խնդիրներում, ինչպիսիք են լույսի արագության դանդաղեցումը, օպտիկական ինֆորմացիայի գրանցումը և պահպանումը, մետրոլոգիան, զգայուն մագնիսաչափությունը: Այդ կիրառությունների հիմքում ատոմական անցումների վրա գերնեղ օպտիկական ռեզոնանսի ձևավորումն է: Հայտնի է, որ յուրաքանչյուր տեսակի ատոմում այդ անցումները տեղի են ունենում որոշակի ֆիքսված հաճախությունների վրա։ Կիրառական հետաքրքրությունն էլ ավելի կմեծանար, եթե հնարավոր լիներ փոփոխել անցումների հաճախությունը կամ «ստեղծել» նոր անցումներ։ Եվ պարզվում է, որ դա կարելի է անել՝ օգտագործելով մագնիսական դաշտը։

«Մեր ինստիտուտում մշակվել են աշխարհում եզակի օպտիկական նանո-բջիջներ, որոնք թույլ են տվել առաջին անգամ ատոմական գոլորշիներում գրանցել և համապարփակ հետազոտել մագնիսականորեն-հարուցված անցումներ։ Դրանք այն անցումներն են, որոնք արգելված են սովորական պայմաններում, բայց դառնում են թույլատրված մագնիսական դաշտի որոշակի տիրույթում, ըստ որում, փոփոխելով մագնիսական դաշտը, փոփոխվում է նաև այդ անցումների հաճախությունը», – ասաց ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի ատոմային սպեկտրասկոպիայի լաբորատորիայի վարիչ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Դավիթ Սարգսյանը։

«Ձևավորելով նեղ ԷՀԹ ռեզոնանսներ մագնիսականորեն-հարուցված անցումների վրա՝ կարելի է էապես ընդլայնել այդ երևույթի կիրառությունների սպեկտրալ տիրույթը։ Հենց դա էլ վերջերս մեզ հաջողվեց իրականացնել։ Հետազոտությունների փորձարարական մասը կատարվել է Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտում՝ առաջատար գիտաշխատող Արմեն Սարգսյանի կողմից: Տպագրված որոշ աշխատանքները տեսական մասով կատարվել են Բուրգունդիայի համալսարանի (Ֆրանսիա) գիտնականներ պրոֆեսոր Կլոդ Լեռուայի և համատեղ ասպիրանտ Ռոդոլֆ Մոմյեի մասնակցությամբ»,- ասաց Դավիթ Սարգսյանը:

Նանո-բջիջներում ալկալի ատոմների մագնիսականորեն-հարուցված անցումների վրա Էլեկտրամագնիսականորեն-հարուցված թափանցիկության ռեզոնանսների ձևավորումն առաջին հերթին հեռանկարային է 50-5000 Գս տիրույթի համասեռ և խիստ անհամասեռ մագնիսական դաշտերի չափման համար՝ ենթամիկրոնային տարածական լուծողունակությամբ:

Հետազոտությունները կատարվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեի ֆինանսավորմամբ իրականացված թեմատիկ 21T-1C005 ծրագրի շրջանակներում: Արդյունքները տպագրվել են «Optics Letters», 44 (22), 5533-5536 (2019), «Physics Letters» A 434, 128043 (2022), «Optics Communications», 537, 129464 (2023), «Journal of Quantitative Spectroscopy and Radiative Transfer» 303, 108582 (2023) գիտական ամսագրերում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս