Ճշմարտությունը երբեմն դառն է լինում, բայց օգտակար. Սուրեն Սուրենյանց

Սուրեն Սուրենյանցը գրում է. «Ճշմարտությունը երբեմն դառն է լինում, բայց օգտակար…

Հայաստանը Ֆրանսիայից կգնի երեք GM200 ռադիոտեղորոշիչ կայան։ Անշուշտ, ողջունելի է սպառազինությունների ձեռքբերման դիվերսիֆիկացումը:

Այնուամենայնիվ, GM200 ռադիոտեղորոշիչ կայանները հետախուզական բնույթի սպառազինություն են՝ սահմանափակ հնարավորություններով, ու դժվար չէ արձանագրել, որ հայ- ֆրանսիական ռազմատեխնիկական համագործակցության շուրջ աղմուկը՝ իր հնարավոր բացասական հետևանքներով, ավելին է, քան գետնի վրա ձեռք բերվածի էֆեկտը:

Հաստատուն համոզում ունեմ, որ այս գործարքն ավելի շատ մեր իշխանության կողմից օգտագործվելու է ներքաղաքական PR-ի տրամաբանությամբ, Փարիզի համար այս թեման ավելի լայն ռեգիոնալ համատեքստի «այցեքարտ» է, որից, որպես քաղաքական արդյունք, մենք կարող ենք ունենալ բարոյական հերթական հաղթանակի զգացումը:

Հիմա վտանգի մասին. ես չգիտեմ՝ Հայաստան երբ կհասնեն GM200 ռադիոտեղորոշիչ կայանները ու գործնականում ինչքանով կնպաստեն մեր պաշտպանական կարողությունների մեծացմանը, բայց ենթադրում եմ, որ հայ- ֆրանսիական «գրանդիոզ» համագործակցության անտեղի աղմուկը Բաքվում մեծացնելու է Հայաստանին կանխարգելիչ հարված հասցնելու գայթակղությունը:

Ճշմարտությունը երբեմն դառն է լինում, բայց օգտակար…

Հ.գ- ի դեպ, արցախյան առաջին պատերազմի ժամանակ Հայաստանի սպառազինությունների ձեռքբերման աշխարհագրությունն ավելի մեծ է եղել, բայց ի պատիվ Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության՝ այդ գործընթացն արվել է առանց աղմուկի ու երբևէ չի ծառայեցվել ներքաղաքական օրակարգին»։

Տեսանյութեր

Լրահոս