«Եթե պետությունդ շեղվել է կենսական բանաձևից, ապա միայն մեկ տարբերակ կա սա շտկելու». Հովհաննես Ավետիսյան
Պետական կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Համասը մի քանի հարյուր հրեա էր գերեվարել: Նրանց մեջ կային ԱՄՆ քաղաքացիներ: Երեկ ԱՄՆ-ը իր քաղաքացիներին ազատեց գերավարությունից և տուն տարավ:
Այս տարրական բանաձևը, սակայն բարդագույն խնդիրը, ցանկացած պետության գոյության թիվ մեկ հենասյունն է: Այսինքն պետությունը քաղաքացու մեջքին է, պետությունը իր քաղաքացուն չի թողնում գերության մեջ:
Հայաստանի հանրության մի զգալի մաս շարունակում է մտածել հետևյալ կերպ. «Նախկինները թալանեցին ու դրա պատճառով կորցրինք ամենը նաև անվտանգություն»: Այս մոլորության մեջ բաց է թողնված հետևյալը:
Նախ, այո՛, արդարության համար պետք է արձանագրել, որ նախորդ համակարգը վատն էր, շատ վատը և դրա համար ծնվեցին նիկոլներ քուազիքաղաքական երևույթները:
Այս երևույթները այդ վատ պետական համակարգը շրջեցին մեր գլխին և մեզ զրկեցին մեր անվտանգությունից՝ հային դարձնելով անպաշտպան՝ գոյաբանական, առաջին հերթին դրսից սպառնացող վտանգների առաջ կանգնած մեն մենակ:
Վերևում չակերտներում նշված բանաձևում չգիտես ինչու դուրս են թողնվում նիկոլները, որոնք ընտրել են պետություն չունենալու բանաձևը:
Այն է՝ օրենքի ուժով զորակոչ անել, տանել պատերազմ, հետո հայտարարել, որ անիմաստ մահացան այդ զինվորները և հետո հրաժարվել գերիներից՝ ասելով, որ համարում են, որ նրանք այլևս չկան:
Հրավիրում եմ ձեր ուշադրությունը՝ վերոգրյալը պետություն քանդելու բանաձևն է: Լավ հիշեք այս բանաձևը:
Զուգահեռ բանաձևի մաս է հետևյալը: Բանակին զուրկ պահել նորից ուժեղանալու և զարգանալու հնարավորությունից, անընդհատ ցուցանել դավաճանության իբր թե հազարավոր դեպքեր, շարունակաբար վարկաբեկել բանակը՝ նաև շարքից հանելով չենթարկվող սպաներին:
Սրան հաջորդում է մարդկանց ծուղակ գցելը, այն է՝ բանակը բանի պետք չի, ուրեմն պետք է ստեղծել այլ կառույցներ, օրինակ ոմա-մոմաներ:
Այն պահից, երբ դուք միանում եք նման կառույցների կամ սկսում եք հավատալ դրանց, դուք մտովի ու անգիտակցորեն կամ նույնիսկ գիտակցորեն հրաժարվում եք սեփական պետությունից:
Պարզ պատճառով՝ պետության գոյության հիմք բանակից և վերևում նշված բանաձևից հրաժարումը (բանաձև որով պետությունը պարտավոր է քաղաքացու թիկունքում լինել), նշանակում է սեփական պետությունից հրաժարում:
Իսկ սա նշանակում է ընդունել, որ մի օր քեզ թշնամին տանելու է, ու քո հետևից ոչ ոք չի գալու:
Ես բոլորիս համար այլ պետություն եմ պատկերացնում: Պետություն, որտեղ կա զորեղ բանակ, որն իր ցանկացած գերեվարված քաղաքացու հետևից գնալու է: Իսկ ներկա իշխանությունը սա չի անելու, նրանք արդեն 5 տարի է կառավարում են և անկախ իրենց մատնանշած թալաններից, նրանք արդեն կարող էին այսքան ժամանակում (5 տարի) անվտանգային համակարգը ոտքի հանել, բանակ զորացնել:
Իսկ ինչ են անում նրանք: Պատասխանը միակն է՝ ոչինչ: Պարզ պատճառով՝ չեն ուզում անել, որովհետև նրանց խնդիրն իմ համոզմամբ այս պետությունը քանդելն է և հային թշնամիների առաջ անպաշտպան թողնելը:
Մի հրաժարվեք պետությունից և դրա գոյության հիմք բանակից: Մի հավատացեք, թե դուք չեք կարող, մի հիասթափվեք, բոլոր այս տիպի վիճակները միայն ձեր դեմ են աշխատում: Եթե պետությունդ շեղվել է վերևում նշված կենսական բանաձևից, ապա միայն մեկ տարբերակ կա սա շտկելու՝ փոխել ներկա կառավարիչներին: Այլ տարբերակ չկա, այլ տարբերակները պետության դեմ են աշխատում»: