Առաջին Հանրապետության հետ մի՛ համեմատեք, նրանք նվիրյալներ էին, իսկ սրանց ծրագիրը պետության և Արցախի դեմ է․ Ամատունի Վիրաբյան

Սովորաբար պատմությունը հարյուր տարին մեկ կրկնվում է կա՛մ ողբերգությամբ, կա՛մ կատակերգությամբ։ Մեր ճակատագրին, պատմությանը կարծես տրված է, որ հարյուր տարին մեկ նույն ողբերգությունը կատարվի։ Այո՛, կատարվեց համարյա նույն ողբերգությունը։ 1920 թվականի հոկտեմբերի 30-ին Կարսը հանձնվեց առանց մարտի։ Մի քանի սպաներ՝ Հովհաննես Մազմանյանը և չորս այլ անձինք, ինքնասպանություն գործեցին, հիմա դա էլ չեղավ։ Առաջին համաշխարհային պատերազմում և ՀՀ բանակում մոտ յոթ հազար սպաներ կային, նրանցից առնվազն հինգը, որոնցից երեքը, այդ թվում՝ Հովհաննես Մազմանյանը, լուսանկարներ էլ ունեն, ինքնասպանություն գործեցին։ Գարեգին Հովսեփյանը, որն այդ օրը Կարսում էր, պատմում է, որ դուրս եկավ բակ, տեսավ՝ երկու սպա է ընկած, հիշեց, որ քիչ առաջ ասվել էր՝ որոշ սպաներ ինքնասպանություն են գործել Կարսը հանձնելու ժամանակ։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման դրվագ հիշատակեց պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հայաստանի ազգային արխիվի նախկին տնօրեն Ամատունի Վիրաբյանը։

«Իհարկե, որոշ բաներ չեն կարող համեմատվել։ Նախ, աշխարհը փոխվել է, հարյուր տարի անց շատ բան է փոխվել։ Առաջին Հանրապետության հայրերը նվիրյալներ էին, ծրագիր չունեին, իսկ սրանց ծրագիրը պետության և Արցախի դեմ է։ 44-օրյա պատերազմից անմիջապես հետո պարզ էր, որ սրանք հրաժարական չեն տա, հիմա էլ չեն տա։ Ցավալի է, բայց հոգեբանները պիտի պարզեն, թե ինչո՞ւ, եթե նոր ընտրություններ լինեն, սրանք նորից կարող է ընտրվեն։ Դա նաև մեր ժողովրդի մեջ տեղի ունեցած անհասկանալի վերափոխման հարցն է։ Մենք դարձել ենք անտարբեր ամեն ինչի, այդ թվում, օրինակ, Արցախի կամ կրթության նկատմամբ։ Ուսուցման եվրոպական մեթոդներն ազգային մտածելակերպը հավասարեցնում են զրոյի, տանում կործանման։ Համեմատել Արամ Մանուկյանին, Քաջազնունուն, Սիմոն Վրացյանին, Համո Օհանջանյանին ներկա իշխանավորների հետ՝ աննպատակ զբաղմունք է, այդ մասին անգամ մտածել չարժե»,- ասաց պատմաբանը։

«Հայաստանը քրիստոնեական պետությունների օգնությամբ ազատագրելու նպատակով առաջինը Ռուսաստանին դիմել են Ղարաբաղի մելիքները։ Հայաստանը և հայ ժողովրդի՛ն ազատագրելու, այլ ոչ միայն՝ Ղարաբաղը։ Իսրայել Օրին դիմեց նախ Եվրոպային, հետո գնաց Ռուսաստան՝ Պետրոս Մեծի մոտ։ Արդյունքում՝ Հայաստանը միացվեց Ռուսաստանին։ Ցավոք, այդ ընթացքում որոշակի իրադարձություններ տեղի ունեցան՝ Շուշին հանձնվեց թուրք-մուսուլմանական զավթիչներին։ Այն ժամանակ ադրբեջանցի բառ չկար, այն ծագել է 20-րդ դարում։ Նույնիսկ խորհրդային մարդահամարների ժամանակ՝ մինչև 1939 թվականը, այդ ազգը կոչվում էր թուրք։ Դեռ Առաջին Հանրապետության այրերը մի կողմ, խորհրդային Հայաստանի առաջին քարտուղարները, բացի մեկ-երկու տարով պաշտոնավարածներից՝ Հայկազ Կոստանյան, Ամատունի, Հայկ Հովսեփյան, Երկրորդ Հանրապետության տարիներին վաստակ ունեցած բոլոր գործիչները մտածել են Ղարաբաղի մասին»,- նշեց Ամատունի Վիրաբյանը։

Պրոֆեսորի պնդմամբ՝ շարքը պետք է սկսել Մյասնիկյանից, քանի որ, երբ 1921 թվականի հուլիսի 5-ի որոշմամբ ԼՂ-ն թողնվեց Ադրբեջանի կազմում՝ ինքնավարություն տալով, սկզբնապես ադրբեջանցիներն ինքնավարությանը չէին համաձայնում․ «Եթե չլիներ Մյասնիկյանը, ԼՂ-ի ինքնավարությունը երբեք չէր լինի, այն Ադրբեջանի մեջ էր տարրալուծվելու, այդ երկիրն արդեն բաժանված էր շրջանների։ Մյասնիկյանը վճռականորեն դրեց հարցը, նա Անդրֆեդերացիայի ժողկոմխորհի նախագահի տեղակալն էր, Անդրերկրկոմի ղեկավար Օրջոնիկիձեի տեղակալը կուսակցության գծով, և Ժողտնտխորհի նախագահը, և իր դիրքը բանեցրեց»:

«Մեկ այլ գործչի՝ Խանջյանի «մեղքն» այն էր, որ Արշակ Չոպանյանը նրան նամակ էր գրել, որում խնդրել էր 1936 թվականի խորհրդային նոր Սահմանադրության ընդունմանն ընդառաջ՝ բարձրացնել ԼՂ-ի, Նախիջևանի և Ախալքալաքի խնդիրները։ Եվ Խանջյանի «մեղքն» այն էր, որ նա այդ մասին որևէ մեկին չէր հայտնել՝ ստացել էր, կարդացել, մտածել, որ այս պահին նման բան անել պետք չէ, և լռել էր։ Ամեն դեպքում՝ այդ հարցը 30-ականներին ևս եղել է։ 1945 թվականի նոյեմբերին Գրիգոր Հարությունյանը ևս նամակ է գրել Մոսկվա, 1966-ին այդ հարցը բարձրացրել են նաև Կենտկոմի առաջին քարտուղար Անտոն Քոչինյանը և Մինիստրների խորհրդի նախագահ Բադալ Մուրադյանը։ Դրան կցել են 1006 մտավորականների նամակ, որի առաջին ստորագրությունը Մարտիրոս Սարյանինն էր, երկրորդը՝ Պարույր Սևակինը։ 1988-ին ամբողջ ժողովուրդը ոտքի կանգնեց հանրահավաքների և գործադուլների ալիքով, առաջին պատերազմի հաղթանակը մերն էր։ Բայց սխալվեցինք, որ չստիպեցինք այն ժամանակ հակառակորդին կապիտուլյացիա ստորագրել»,- ամփոփեց Ամատունի Վիրաբյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս