Փաշինյանն ու Ալիևը միասնաբար միևնույն թեզն են առաջ տանում. հիմա էլ զբաղված են ՀՀ կործանմամբ. Հենրիխ Դանիելյան

ՀՀԿ ԵԿ նախագահ Հենրիխ Դանիելյանը ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության դիմաց տեղի ունեցած երեկվա իրադարձությունների մասնակիցներին կոչ արեց որևէ դեպքում գործիք չդառնալ Նիկոլ Փաշինյանի ձևավորած օրակարգի՝ սևերի ու սպիտակների կործանարար թեզի տարածման հարցում:

Հիշեցնենք, որ դեռևս երեկ Արցախից բռնի տեղահանված բազմաթիվ մեր հայրենակիցներ ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության դիմաց էին հավաքվել: Նրանք հայտարարում էին, որ բազմաթիվ հարցեր ունեն, որոնց պատասխաններն ակնկալում են ստանալ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանից:

Քաղաքացիներից մեկը նախագահից հետաքրքրվեց, թե ինչպես են նրանք պատրաստվում լուծել արցախցիների խնդիրները՝ այն պարագայում, երբ նրան չեն վստահում ու հյուրընկալում ՀՀ իշխանությունները: Հարցեր հնչեցին նաև Արցախի լուծարման վերաբերյալ՝ Շահրամանյանի կողմից ստորագրված հայտարարության ու Արցախի պետական մարմինների կողմից նիստ հրավիրելու ու գործունեություն ծավալելու վերաբերյալ:

Շահրամանյանը հայտարարեց, որ Արցախի Հանրապետությունը լուծարված չէ, ու որևէ փաստաթուղթ չի կարող լուծարել ժողովրդի կողմից հիմնված հանրապետությունը:

Կարդացեք նաև

Լրագրողների հետ հանդիպմանը Հենրիխ Դանիելյանը հայտարարեց, որ ակնհայտ է, թե որ շրջանակներն են կազմակերպել երեկվա գործողություններն ու այդպիսով արցախցիներին միջոց դարձրել իրենց պառակտիչ նպատակներն իրականացնելու հարցում:

«Նիկոլ Փաշինյանի համար ժողովրդի միասնականությունը հավասար է իր իշխանության հեռացմանն ու ոչնչացմանը: Նրանք օգտագործում են իրենց բոլոր ռեսուրսները, որպեսզի կարողանան պառակտման արդյունքում երկարաձգել իրենց իշխանությունն ու կարողանան իրենց պարտվողական քաղաքականությունը հասցնել մինչև վերջ, ինչը հասկանալի է, որ Հայաստանի Հանրապետության չգոյությունն ու Արցախի Հանրապետության ճակատագրին արժանանալը»,- ասաց ՀՀԿ ԵԿ նախագահը՝ հավելելով, որ ներկա իրավիճակի շարունակության դեպքում սպասելիքները միայն ավելի վատն են լինելու:

Դանիելյանը համոզմունք հայտնեց, որ մեր երկիրը նոր հնարավորություններ կունենա առկա իրավիճակի լուծման ու նոր օրակարգ ստեղծելու համար, եթե օր առաջ ազատվի Փաշինյանի իշխանությունից:

«Չի կարելի տրվել Փաշինյանի սադրանքներին ու հավատալ նրա թեզերին, քանի որ հենց այդ թեզերի արդյունքում է, որ Արցախում հիմա ծածանվում է Ադրբեջանի դրոշը: Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության արդյունքում են մեր 120.000 հայրենակիցներ այսօր տնազրկված ու հայրենազրկված: Նիկոլ Փաշինյանն էր այն անձը, որ ասում էր, թե Իլհամ Ալիևը կիրթ անձնավորություն է ու նրա հետ կարելի է բանակցությունները վարել՝ սկսելով իր կետից: Այսօր արդեն տեսնում ենք Փաշինյանի «կետը», ով ասում էր՝ երբ ուզի՝ կվերադառնա Սերժ Սարգսյանի «կետին»: Իսկ այդ կետին Նիկոլ Փաշինյանը վերադառնալ երբեք չի կարողանա, քանի որ այդ կետը բանակցությունների մեջ ամրագրված էր Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքով, որը ճանաչվում էր Մինսկի խմբի բոլոր համանախագահների կողմից»,- հայտարարեց ՀՀԿ ԵԿ նախագահը՝ հիշեցնելով դեռևս 2016 թվականին Սերժ Սարգսյանի կողմից տարվող բանակցությունների շրջանում Ալիևի կողմից բազմիցս հնչող բողոքները, որ իրեն ճնշում են ու պարտադրում են ճանաչել Արցախի անկախությունը:

Դանիելյանը համոզմունք հայտնեց, որ հիմա Փաշինյանն ու Ալիևը միասնաբար միևնույն թեզն են առաջ տանում՝ հայտարարելով, որ Արցախն  Ադրբեջան է:

ՀՀ ՀԿ ԵԿ նախագահի խոսքով՝ հիմա այդ երկուսը միասին զբաղված են Հայաստանի Հանրապետության կործանմամբ:

Նազելի Ստեփանյան

Տեսանյութեր

Լրահոս