Հայաստանը Իրանից ստացել է «3+3» ձևաչափով հանդիպման հրավեր
Հայաստանը Իրանից ստացել է «3+3» ձևաչափով (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան-Ռուսաստան, Թուրքիա, Իրան) արտաքին գործերի նախարարների մակարդակով հանդիպման հրավեր։ Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտարարեց Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։
«Գիտեք, որ հնարավոր հանդիպումը պետք է տեղի ունենա Թեհրանում և մենք իրանական կողմից ստացել ենք հրավեր։ Այս պահին իրանական կողմի մեր գործընկերների հետ քննարկումներ են տեղի ունենում և երբ վերջանական որոշում կլինի, այդ մասին կհայտարարվի»,- ասաց Կոստանյանը։
Ադրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով դիվանագիտական աղբյուրներին, հայտնել էին, որ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարները առաջիկայում կհանդիպեն Թեհրանում։
Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 10-ին Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել էր, որ Երևանը պատրաստ է այդ ձևաչափով հանդիպումներին: