Իսրայելը հայտնել է ՀԱՄԱՍ-ի ավելի քան 100 օբյեկտի հարվածելու մասին
Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) առավոտյան տեղեկագրում հայտնել է, որ խոցել է պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժմանը պատկանող ավելի քան 100 թիրախ։ ԻՊԲ-ի հաղորդագրության մեջ նշվում է, որ սպանվել է հոկտեմբերի 7-ին Իսրայելի դեմ հարձակմանը մասնակցած ՀԱՄԱՍ-ի զինյալ, չեզոքացվել է նաև ՀԱՄԱՍ-ի ջոկատ։
Խոցված օբյեկտների շարքում են ստորգետնյա թունել, զենքերի պահեստներ, տասնյակ հրամանատարական կենտրոններ։ ԻՊԲ-ն հայտնում է նաև Ջաբալիայի շրջանում մզկիթներից մեկում գտնվող զենքերի ոչնչացման մասին։
Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություններ են տարածվել Գազայի հունական եկեղեցու մերձակայքում գտնվող շենքին հասցված հարվածի մասին, որի հետևանքով վնասվել է նաև 12-րդ դարի եկեղեցու ճակատային հատվածը։
Ըստ BBC-ի՝ ՀԱՄԱՍ-ը հայտնել է, որ եկեղեցու մոտ պայթյուն է տեղի ունեցել հոկտեմբերի 19-ին․ եկեղեցում պատսպարված էին օթևան փնտրող բազմաթիվ քրիստոնյաներ։ Ըստ ՀԱՄԱՍ-ի՝ պայթյունը լուրջ վնասներ է հասցրել, բազմաթիվ մարդիկ վիրավորվել են։
ԻՊԲ-ն հայտնել է, որ կործանիչները հարվածել են հրամանատարական կենտրոնին, որտեղից Իսրայելի ուղղությամբ հրթիռներ էին արձակվում, և դրա հետևանքով վնասվել է տարածքում գտնվող եկեղեցու պատը։
Հույն ուղղափառ եկեղեցու պատրիարքությունը դատապարտել է եկեղեցու գնդակոծությունը՝ հայտնելով, որ «եկեղեցիները և դրա հաստատությունները թիրախավորելը պատերազմական հանցագործություն է»։
Հոկտեմբերի 7-ին պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման կողմից Իսրայելի վրա իրականացված հարձակումներից հետո Իսրայելը պատերազմ է հայտարարել և սկսել է գնդակոծել Գազայում տարբեր թիրախներ։ Հարվածներ են հասցվում նաև Լիբանանում «Հեզբոլլահ» արմատական կազմակերպության թիրախներին: Պաղեստինյան կողմում զոհերի թիվը շուրջ 3800 է, վիրավորների թիվը՝ 13 000։ Իսրայելական կողմում կա 1400 զոհ, ավելի քան 4500 վիրավոր։ Շուրջ 200 մարդ պատանդ է վերցվել ՀԱՄԱՍ-ի կողմից՝ Իսրայելում բանտարկված պաղեստինցիների հետ փոխանակման նպատակով։