ԱԹՍ-ի ու պարանի օգնությամբ 5 զինվորների կյանքը փրկած հրամանատարի ընտանիքը Հրազդանում է հաստատվել

Հայաստանում բնակվողների թիվը 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո օրերի ընթացքում ավելացավ շուրջ 100 հազարով։ Ցավոք, Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխված քաղաքացիներն իրենց կամքով չի, որ ևս մեկով հարստացրին հայաստանյան բարբառը․ նրանք Ադրբեջանի կողմից էթնիկ զտման կենդանի ապացույցներ են, սեփական տնից ու հայրենիքից բռնի տեղահանվածներ․․․

«Արմենպրես»-ն իր նոր շարքով կվավերագրի մարդկային ցավի ու հայրենիքի կորստի պատմությունները, ու հենց այդ նպատակով էլ գործակալության լրագրողական խումբն ամենաշատ թվով տեղահանվածների ապաստանած Կոտայքի մարզում է։

**

Հրազդանի Կենտրոն թաղամասի շենքերից մեկում ենք, դռան վրա մանր թվերով գրված է՝ 44 բնակարան․․․ Ու քանի որ ես սիմվոլիզմների նկատմամբ հատուկ վերաբերմունք ունեմ, այս դեպքում էլ ամեն ինչ խորհրդանշական քողի տակ եմ տեսնում․․․

Դռան հետևում մի մեծ գերդաստան է, Մնացականյանների ու Բաբայանների գերդաստանը, որը տեղավորվել է նեղլիկ բնակարանի 2-ը 3 դարձրած փոքրիկ սենյակներում։ Տանն իսկական իրարանցում է, բոլորը խոսում են, քննարկում, բարձրաձայն մտածում․․․ Աչքս ընկնում է սենյակներից մեկում բազմոցի մի անկյունում նստած, խեղճացած, արցունքն աչքերին տատիկին։ Մոտենում եմ, բռնում ձեռքն ու փորձում մխիթարել․․․ ու հենց նույն պահին էլ հասկանում եմ, թե ինչքան անզոր եմ մխիթարելու մի մարդու, ով տուն, հայրենիք, զավակի շիրիմ է կորցրել․․․

«Փիս, շատ փիս վիճակա․․․ գյուղում գերեզմաններ ենք թողել, իմ մի խոխան (երեխան) 2021 թվականին է մահացել, քրոջս խոխան՝ 2020 թվականին զոհվել է։ Պատկերացնո՞ւմ ես, տղայիս եմ հողին հանձնել ու էտ հողը թողալ եմ, տյուս (դուրս) եկալ։ Էրեխեքի գերեզմանները թողել, եկել ենք, հիմա թուրքն ինչ կանի էդ գերեզմանների, էդ քարերի նհետ՝ չգիտեմ, չեմ էլ ուզում պատկերացնեմ»,- արցունքները զսպել չկարողանալով՝ ասում է Շոշ գյուղից տեղահանված 78-ամյա Սվետա Մնացականյանը։

Տիկին Սվետայի զավակներից 4-ը հիմա իր կողքին են։ Աղջիկների մասին շատ բան չի պատմում․ «Ամուսնացել են, լավ ընտանիքներ ունեն»: Իսկ այ երկու տղաների համար անհանգիստ է։ Միշտ է անհանգիստ եղել․ տղաները զինվորագրված են եղել։

«Գիտե՞ս ինչ էր կատարվում. սկսավ ռմբակոծություն, 200 հոգի ստըղաս ընդըղ էին փախնում, ընդղաս՝ ստեղ, նի էին տեռնում (ներս էին մտնում), տուս (դուրս) տեռնում․․․ Դպրոցի պադվալը լցվեցին։ Հարևաններից մի կնիկ ինձ քաշ տալով տարավ․․․ Էրեխեքս կռվի մեջին էին․ մեկը վիրավորվել էր, մյուսը՝ հրամանատար էր․․․ Շատ փիս վիճակ էր, ոչ մի ունեցվածք պերալ չընք, ոչ մի բան աչքիս չէր երևում, նույնիսկ մի թաշկինակ չեմ վեկալել, ուղեղս ցրված ա էլել։ Մի հատ պասպորտս վեր եմ կալել ու դուրս պրծել․ հինչ տեղ իմ քինում (գնում), հինչ տեղ ըն տանում, հինչ տեղ ըմ կորչում՝ էդ էլ Աստուծ գիտեր։ Գրուզավիկներով տեղափոխել են էդ պադվալից»,- պատմում է ճերմակահեր կինն ու թաշկինակը նորից տանում աչքերին։

Տալիս եմ գուցեև ամենաանհեթեթ հարցը՝ եթե հնարավորություն լինի հիմա վերադառնալու, ադրբեջանցու հետ կողք կողքի ապրելու՝ կգնա՞ք։ Նայում է իր դիմաց շարված թոռներին ու պատասխանում․

«Եթե հնարավոր լիներ ապրել, ոչ մեկս էլ մեր հողը չէինք թողնի, դուրս գանք։ Ես պառավ կնիկ եմ, կկենայի, հինչ ինում էր՝ ինար, համա էս ջահել-ջուհուլս»․․․

«Թույլ տվեք Ձեր ձեռքը սեղմեմ» խոհանոցից ականջիս է հասնում մեր լուսանկարիչ Հայկի ձայնը։ «Ո՞վ է»՝ ցածրաձայն հարցնում եմ նրան՝ ցույց տալով խոհանոցի մի անկյունում համեստորեն առանձնացած խոժոռ հայացքով տղամարդուն։ «Հայտնի տեսանյութի հերոսն է»՝ ասում է Հայկն ու հպարտորեն սեղմում 2023 թվականի սեպտեմբերի 20-ին շրջափակման մեջ հայտնված 5 զինծառայողների կյանքը փրկած հրամանատարի ձեռքը։

«Դե, ինչ պատմեմ․ տղերքը Շուշիի տակի քարերի արանքում էին մնացել՝ շրջապատված ադրբեջանցիներով, ներքև չեն կարողացել իջնել, շատ բարձր էր: Իրենց օգնության հասնելու հնար էլ չկար: Բեսպիլոտնիկով տարանք պարանները տվինք իրանց: Բախտներս բերեց, որ էտ քերծի տակ ծմակ ա, էդտեղով իջել են անտառ, անտառով՝ ձոր: Ձորի մեջի գետով էլ շարժվել են դեպի Ստեփանակերտ: Ճիշտ ա, 3 կմ ճանապարհ էր, բայց իրենք գետի մեջով ամբողջ գիշեր՝ 14 ժամ եկան»,- համոզելուց հետո կցկտուր պատմում է տիկին Սվետայի 49-ամյա որդին՝ Գառնիկ Մնացականյանը, որը տղաներին շրջափակումից դուրս բերելու ընթացքում ամբողջ գիշեր հերթով մոտեցել է բոլոր դիրքերին ու զգուշացրել՝ ուշադիր կլինեք, մերոնք են գալիս։

«Դե, ադրբեջանցիներն արդեն պալատկա էին դրել գետի մոտ, իրենց մեջով են անցել, մեզ հասել: Տղաներից մեկն էլ պարանի կտրվելու պատճառով ընկել, կողը ջարդել էր, 4 հոգով նրան օգնել, բերել են: Առավոտվա ժամը 5-ին դիմավորել ենք իրենց: Կարճ ասած՝ բերինք հանինք տղոցը․․․ Տղերքն ինձ ասել են՝ ոչխար ենք մորթելու, բայց հեսա մի ամիսա՝ չեն մորթում»,- ժպիտը դեմքին՝ արդեն կատակում է հրամանատարն ու խոստանում․ «Նաղդ եմ պոկելու, հլը թող տան հարցերով մի քիչ թեթևանամ»։

Հիմա տղաները հրամանատարի հետ կապը պահում են. նրանցից մեկն Աբովյանում է, 2-ը՝ Զովունիում, 1-ը՝ Հրազդանում, 1-ը՝ Վանաձորում:

Շոշում ծնված Գառնիկ Մնացականյանը պատերազմական թոհուբոհին անծանոթ չի․ 17 տարեկանից պայքարել է իր հայրենիքում խաղաղ ու անվտանգ ապրելու համար։ Նա հաղթանակ, ու ցավոք, նաև պարտություն տեսած զինվորական է․

«1992 թվականին եղբորս հետ մասնակցել ենք Շուշիի ազատագրմանը, հենց այդ օրն էլ՝ 1992 թվականի մայիսի 9-ին, լրացավ իմ 18-ամյակը․․․44-օրյայի ժամանակ գումարտակի հրամանատար էի, 15 զոհ եմ տվել, 1-օրյա պատերազմում էլ 4 զոհ եմ տվել՝ Շուշիի տանկի մոտ։ Ընկերներ շատ եմ կորցրել, ազգական՝ երկուսը։ Սեպտեմբերի 19-ին զոհված մի ընկերոջ ու մի բարեկամի կարողացանք բերել Եռաբլուր, ամսի 4-ին ենք հուղարկավորել․․․ Չգիտեմ՝ էս ինչ էր, ինչ եղավ, ինչ հրաման ու որոշում էր․․․ Հելել հասել ենք էստեղ, որ ի՞նչ»․․․

Տարակուսած նայում եմ զինվորականին ու հարցնում՝ բա ի՞նչ անեին․

«Կռվեին»,- վստահորեն ասում է նա, մի քանի վայրկյան լռում, փորձում իր մեջ խեղդել ցավը, կամ գուցե՝ հուզմունքն, ու շարունակում․

«Ի՞նչ կապ ունի, թե ով է դեմդ, քո հողի համար, քո տան, քո երկրի համար պիտի կռվես։ Եթե 120 հազար հայ է փախել, ուրեմն 30-40 հազարը ջահել տղերք են չէ՞, կարայի՞ն կռվեին։ Բայց առաջնագծում 1000 հոգի էլ չկար․․․ Չգիտեմ՝ դա ինչ էր, ոնց եղավ, ով էր մեղավոր․․․ Դա մեր մակարդակի հարց չի»․․․

Գառնիկ Մնացականյանը կնոջ ու երկու դստեր հետ Շոշից Ստեփանակերտ էր տեղափոխվել 2006 թվականին։ Սեպտեմբերի 19-ին ընտանիքը թաքստոց է մտել, բռնի տեղահանվել ու մի քանի օր անց բռնել փրկության ճանապարհը դեպի Հայաստան։ Ինքը Լեռնային Ղարաբաղից դուրս եկողներից վերջիններից է եղել՝ այդ ընթացքում փորձելով օգնել միայնակներին ու փոխադրման միջոց չունեցող ընտանիքներին։

Ճանապարհին՝ մեքենայի մեջ լսել է ամենասարսափելի հայտարարությունը՝ 2024 թվականի հունվարի 1-ից Արցախի Հանրապետությունը գոյություն չի ունենա․․․ Հարցնում եմ՝ ի՞նչ թողեցիք, ի՞նչ կարողացաք Ձեզ հետ բերել․

«Ոչ մի բան, մենակ հայրենիք եմ թողել․․․ Իհարկե, 3 սենյականոց վերանորոգված լավ տուն ունեի, բայց հայրենիքից հետո մտածել այդ մասին՝ ո՞ւմ է պետք: Բացի հայրենիքից, ամեն ինչ ստեղծվող է, ճիշտ ա՝ մի քիչ չարչարվելով, մի քիչ պարտք անելով, բայց տուն էլ ենք ստեղծելու, աշխատանքի տեղ էլ ենք ստեղծելու․․․ Չգիտեմ, հիմա Արցախում ոչ ոք չունեմ, համացանցից եմ ամեն ինչ իմանում»։

ԼՂ-ից բռնի տեղահանված Մնացականյանների ընտրությունը հենց այնպես չի կանգ առել Հրազդանի վրա։ Դեռ 90-ականներին Հրազդանում է տեղակայվել նաև Գառնիկ Մնացականյանի՝ Բաքվից տեղահանված հորաքրոջ ընտանիքը։

«Հիմա մի տուն էլ ենք ճարել, ուզում ենք վարձակալել, պիտի վերանորոգենք, բայց չգիտենք՝ ոնց ենք անելու, ընդհանրապես վիճակ չկա։ 0-ից սկսում ենք ապրել, տուն-տեղ դնել»,- ասում է հրամանատարը՝ մի օր կրկին հայրենի տուն վերադառնալու չմարող հույսով:

Հեղ․ Նելլի Մարգարյան

Տեսանյութեր

Լրահոս