Բաժիններ՝

Հորդանանում չեղյալ են հայտարարել Ամմանի գագաթնաժողովը, որին պետք է մասնակցեր նաև Բայդենը

Ամմանում Հորդանանի, ԱՄՆ-ի, Պաղեստինի և Եգիպտոսի ղեկավարների գագաթնաժողովն այս պահին չէր կարողանա կանխել պատերազմը Մերձավոր Արևելքում, ուստի այն չեղյալ է հայտարարվել: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Հորդանանի արտաքին գործերի նախարար Այման Հուսեյն Աբդալլահ աս Սաֆադիի հայտարարությունը։

Նախարարի խոսքով՝ Պաղեստինի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների հետ խորհրդակցություններից հետո Հորդանանի ղեկավարությունը «որոշում կայացրեց չանցկացնել այդ գագաթնաժողովը՝ ընդգծելով, որ մենք ցանկանում ենք, որ նման գագաթնաժողովի միակ հնարավոր արդյունքը, եթե այն կայանա, լինի պատերազմի կանխումը, պաղեստինցիների մարդկային արժեքի հարգումը և նրանց այն օգնության տրամադրումը, որին նրանք արժանի են»: Ալ Սաֆադին հավելել է, որ գագաթնաժողովի անցկացումից հրաժարումը պայմանավորված է նաև Գազայի հատվածում պաղեստինցի ժողովրդի նկատմամբ իսրայելական շարունակվող դատաստաններով։ Նախարարը Իսրայելին է պատասխանատու համարել նաև Գազայի հատվածի ալ-Ահլի հիվանդանոցին հասցված հարվածի համար, որի հետևանքով հարյուրավոր մարդիկ զոհվեցին:

Ամմանում նախատեսված գագաթնաժողովին պետք է մասնակցեին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, Հորդանանի Աբդալլահ Երկրորդ թագավորը, Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս Սիսին և Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասը։ Աբբասի գլխավորած պաղեստինյան ՖԱԹԱՀ շարժման ներկայացուցիչը հոկտեմբերի 17-ին հայտարարել էր, որ Պաղեստինի ղեկավարը հրաժարվել է մասնակցել հանդիպմանը:

Գազայի հիվանդանոցում տեղի ունեցած պայթյունի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, առնվազն 500 մարդ է զոհվել։ Պայթյունի համար Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը մեղադրել են մեկը մյուսին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս