Նիկոլ Փաշինյանն ու Դունյա Միյատովիչը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հայերի բռնի տեղահանման հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչին: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Զրուցակիցները քննարկել են Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտման քաղաքականության հետևանքով 100 հազարից ավելի մեր հայրենակիցների բռնի տեղահանության հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակը, միջազգային հանրության կողմից օժանդակության հետագա քայլերը:
Վարչապետը ողջունել է տիկին Միյատովիչի այցը և վստահություն հայտնել, որ այն կնպաստի տեղում ծանոթանալ ստեղծված մարտահրավերներին և խնդիրներին:
Դունյա Միյատովիչը հավելել է, որ իր նպատակն է գնահատել առկա կարիքները, այդ թվում` ԼՂ հայության իրավունքների ապահովման հետ կապված:
Մտքեր են փոխանակվել նաև մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների, երկկողմ հետագա համագործակցության շուրջ: