Ապրեցնում է այն, ինչ թշնամին ամեն գնով ուզում է վերացնել․ Բելգիայում բուժվող արցախցու ընտանիքի դաժան պատմությունը՝ լրագրողի աչքերով

Լրագրողի մասնագիտական պարտականությունը կատարվող իրադարձությունների մասին օբյեկտիվ տեղեկություններ փոխանցելն է, որը երբեմն պահանջում է սառնասրտություն, իսկ չեզոքություն՝ միշտ։ Բայց լրագրողն առաջին հերթին մարդ է, որն ունի զգացմունքներ, ապրումներ ու հույզեր։ Արցախահայության բռնի տեղահանումից հետո մեկ անգամ չէ, որ որպես լրագրող ինքս ինձ հարց եմ տվել՝ արդյոք արածս գործն այլեւս իմաստ ունի՞, թե՞ ոչ։ Չկա ավելի վատ բան, քան անճարության զգացումը, սեփական գործին չհավատալը։ Եւ հենց այդ զգացումն էր ինձ խեղդում Բելգիայի Աստրիդ ռազմական հիվանդանոց կարճ այցի ընթացքում։ Երբ տեղեկացա, որ Հայաստանից երեք արցախցի բուժառու է տեղափոխվել Բելգիա, անշուշտ ցանկացա տեսնել նրանց։ Բայց առաջին բնազդս լրագրության թելադրանքը չէր, այլ զուտ հայրենակցի տեսնելու, ցավը կիսելու մեծ պահանջը։ Արցախում վառելիքի պահեստում պայթյունի հետեւանքով լուրջ այրվածքներ ստացած երեք երիտասարդ բելգիացի բժիշկների վերահսկողության տակ են։ Հիվանդանոցի ընդունարանը եւ սպասասրահը նույնքան մռայլ էր, որքան իմ ներսում կատարվողը։ Սպասում էի, որ պատանիների ծնողները մոտենան, քանի որ բուժառուներին տեսնելն այս օրերին այդքան էլ թույլատրելի չէ։ Օրվա լավ լուրն այն էր, որ երիտասարդներից մեկը կոմայից դուրս էր եկել եւ մի քանի բառ ասել։

Քիչ անց մոտեցավ մի կին՝ գրկում երեք տարեկան Եվան։ Պայթյունի հետևանքով լուրջ այրվածքներ ստացած Ալեքսի մայրն էր՝ Դիանան, որի դեմքն անասելի դառնացած ու հոգնած էր։ Եվան էլ էր հոգնած, բայց աչքերը, կարծես, միայն հոգնածությունից չէին փակվում։ Իր ապրած երեք տարիների ընթացքում երկու պատերազմ տեսած մանկիկը չէր էլ ուզում նայել արտաքին աշխարհին, իրեն շրջապատող մարդկանց։ Ոչ մի խաղալիք, ոչ մի նկարազարդ գիրք նրան չէին հետաքրքրում․ Եվան մանկապարտեզի իր ընկերներին ու իրենց տունն էր ուզում։ Իր տունն էր ուզում նաեւ Դիանան։ Արցունքն աչքերին շրջափակման դժվարին օրերն էր հիշում։ «Համաձայն եմ, հիմա էլ թող իմ տունը լինի, ես մեջը սոված-ծարավ նստեմ», – ասում է երիտասարդ կինն ու նորից լռում։ Հետո նորից ուժերը հավաքում է եւ եւս երկու նախադասություն արտաբերում՝ պատմում, որ նույն այդ օրը իր տղայի հետ միասին պայթյունի վայրում են եղել նաեւ եղբոր եւ քրոջ որդիները։ Վերջինը մինչ օրս անհայտ կորած է։ Պահեստում էին հայտնվել մի պարզ պատճառով՝ ուզում էին վստահ լինել, որ բոլորը վառելիք ունեն եւ միասին բռնել բռնի տարհանման ճանապարհը։

Ծնունդով Ստեփանակերտից, բայց վերջին տասնհինգ տարիներին Ասկերանի շրջանի Իվանյան համայնքում ապրած ընտանիքն այսօր անտուն է եւ անապագա։ Նախկինում զինվորական, իսկ վերջին տարիներին ուսուցիչ աշխատած ամուսինն էլ Երեւանում մյուս զավակների մոտ է մնացել։ Դիանան ասում է՝ ուզում էր տունը վառել, բայց շենքում դեռ մեկ-երկու հարեւան էին մնացել, որ մի քանի օր հետո պիտի լքեին իրենց տները։ Հենց դա էլ խանգարեց։ Տունը չհասցրեց վառել, բայց ծանր այրվածքներով, Աստրիդի հիվանդանոցում պառկած տղան, կարծես, ինքնապաշտպանական բնազդով եւ վերքերի պատճառած ցավով մի բան է ուզում՝ սպիացած, բայց նոր էջից կյանք սկսել։ Ալեքսի ֆիզիկական ու հոգեկան ցավն այնքան մեծ է, որ այդ ամենին վերադառնալ անգամ չի ուզում։ Դիանան արցունքն աչքերին ասում է՝ «դեռ մորաքրոջ տղայի անհետ կորած լինելն էլ չգիտի, չենք ասում, որ ցավին ցավ չավելացնենք»։

«Մենք գիտեինք, որ մեզ մեծ կռիվ է սպասվում, բայց չէինք սպասում, որ քսանչորս ժամում կյանքն այսպես կշրջվի», – ասում է Դիանան եւ հավելում, եթե պիտի բռնի տարհանեին, էլ ինչո՞ւ այդքան տանջեցին։ Հարցերը շատ են, պատասխաններ չկան։ Դիանան արտասվում է եւ դրա համար ներողություն խնդրում։ Ինչ ներելու է մասին է խոսքը՝ ինքս թույլտվություն եմ խնդրում, որ գրկեմ իրեն եւ Եվային։ Ես եմ ուզում ներողություն խնդրել, ուզում եմ գրկել ու կիսել նույն ցավը։

Անճարության զգացումն ուղղակի սպանում էր ինձ՝ որպես հայի, որպես երկու զավակների մոր, որպես հայրենիքից հեռու, բայց հայրենիքով ու հայրենիքի համար ապրող մարդու։ Բայց այդ ահռելի ցավի մեջ հոգիս շոյվում է մի մանրուք թվացող, բայց իրականում ահռելի ուժի դրսեւորմամբ. Դիանան ամեն անգամ, երբ խոսում է Եվայի հետ, արցախյան բարբառով է խոսում՝ ապրեցնում է այն, ինչ թշնամին ամեն գնով ուզում է վերացնել…

Տեսակցության ընթացքում մի քանի րոպե առիթ ունեցա խոսել նաեւ հիվանդանոցի հոգեբան Էլս Վանդեռմուլենի հետ։ Տիկին Էլսն ասում է՝ օտարազգի հիվանդներ շատ է ունեցել, բայց հայերն ունեն մի յուրահատկություն՝ չեն արտասվում, զգացմունքներ չեն արտահայտում։ Պատասխանում եմ, որ, այո, թերեւս, հայի բախտն է դա թելադրում՝ ուժեղ լինել ամեն գնով եւ հակառակ ամեն ինչի։ Գոյաբանական կռիվ տվող ազգի առանձնահատկություն, որի կրողն են նաեւ այրված, բայց արժանապատիվ պատանիները։ Էլս Վանդեռմուլենն ասում է՝ Ալեքսի վիճակն այս պահին բժիշկները կայուն են գնահատում, բարելավում կա, բայց Աշոտը՝ 15-ամյա պատանին դեռ թույլ է։

Աշոտի մայրիկին՝Էլենին, չկարողացա տեսնել, տղայի մոտ մտնելու ժամն էր եկել։ Ամեն օր երկու ժամ են թույլատրում պատանիներին տեսնել։ Ծնողները հիվանդանոցի մի սենյակում են մնում, գոհ են թե՛ բժիշկների, եւ թե՛ համայնքի ուշադրությունից ու հոգատարությունից։ Գոհ են… Իսկ ի՞նչ կարող է նրանց գոհացնել կամ արժեքավոր թվալ, երբ կորցրել են ամեն ինչ՝ հայրենիք, ապրելու ցանկություն եւ հուշերով լի հայրենական տուն։

Երեք քառորդ տեւած հանդիպման ավարտին հնչեցին սիրտ ցավեցնող խոսքերը՝ Դիանայի հայրը վատառողջ է․ Դիանան չգիտի էլ արդյոք հայրը իրենց վերադարձին կսպասի՞, թե՞ ոչ…

Հիվանդանոց էի մտել ընկճված, գրեթե առանց թթվածնի, շնչելը շատ դժվար էր։ Հիվանդանոցից դուրս եկա մի ծանր բեռով՝ մեղքի զգացումից մինչեւ անճարության ու անպիտանության զգացում։ Վերադարձա տուն, գրկեցի աղջիկներիս՝ Սառային ու Գաբրիելային, որ դեռ շատ փոքր են, բայց վստահ եմ՝ հասկանում են։ Նրանց պատմեցի Եվայի մասին և ասացի, որ տարիներ հետո պիտի դառնան նրա պայքարի ընկերները։

ԼԻԼԻԹ ԳԱՍՊԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս