Փաշինյանի «վեցնոցն է» Սամվել Բաբայանը. Սուրեն Սուրենյանց
Արցախի հարցը փակված է. այդ էջը փակել է ոչ թե Արցախի նորընտիր նախագահ Սամվել Շահրամանյանը, այլ Նիկոլ Փաշինյանը՝ ճանաչելով Արցախն ամբողջությամբ Ադրբեջանի կազմում, հետևաբար, սխալ է Արցախի մի քանի օրվա իշխանությանը մեղադրել Արցախը հանձնելու մեջ, ինչպես անում է, օրինակ, Նիկոլ Փաշինյանի գրպանում տեղավորված սովորական պրոպագանդիստ, Արցախի անվտանգության խորհրդի նախկին ղեկավար Սամվել Բաբայանը, որը կատարել և կատարում է Փաշինյանի մանր-մունր պատվերները։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում նման տեսակետ հայտնեց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը՝ կոչ անելով Սամվել Բաբայանին չչարաշահել Արցախի առաջին ազատամարտի հաղթանակում իր ունեցած ներդրումը, հակառակ պարագայում, Երևանի բազմաթիվ հրապարակներում պետք է կանգնեցնել գեներալ Մանվել Գրիգորյանի արձանը, մի մարդու, որի վաստակը պակաս չէ առաջին պատերազմում Բաբայանի ունեցած ներդրումից։
«Բաբայանը Նիկոլ Փաշինյանի «վեցնոցն է». ինչ որ կհանձնարարի, այն էլ կանի»,- շարունակեց Սուրենյանցը։
Անդրադառնալով այսօր տարածված հայտարարությանը, ըստ որի, իրավապահները քրեական գործ են հարուցել Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի՝ Հայաստանի Հանրային հեռուստաընկերության եթերում հնչեցրած հայտարարությունների ու հոկտեմբերի 6-ին ներկայացրած հաղորդման հիման վրա, որով նա իրավապահներին հորդորել էր քրեական գործ հարուցել Արցախի իշխանությունների դեմ՝ «Լեռնային Ղարաբաղը հանձնելու համար», Սուրեն Սուրենյանցը պատասխանեց.
«Մեկ այլ դրվագով էլ պետք է քրեական գործ հարուցվի և պարզվի, թե ինչպե՞ս է ստացվել, որ պետական կարգավիճակ չունեցող Սամվել Բաբայանը կարողացել է սեպարատ բանակցել Ադրբեջանի հետ»։
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահի մեկնաբանությամբ՝ այն, ինչի չի հասել Սամվել Բաբայանն Արցախում՝ իշխանության կազմում հայտնվելու համար, հիմա փորձում է հասնել Երևան՝ ունենալով դրա համար հովանավորություն և խոսելով Արցախի ժողովրդի կարիքները հոգալու համար ինչ-որ կառույց ստեղծելու մասին։
«Մինչդեռ՝ տնազի է նման Արցախի իշխանության մեջ ազդեցության համար պայքարել, երբ Արցախ գոյություն չունի, երբ Ալիևը քայլում է Արցախի դրոշի վրայով՝ նվաստացնելով բոլորիս»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։