Բաժիններ՝

Պենտագոնի ղեկավարը Իսրայելում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է ռազմական օգնության նոր խմբաքանակ ուղարկել երկրին

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը Իսրայելում իր պաշտոնակից Յոավ Գալանտի հետ հանդիպումից հետո մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Պենտագոնը պատրաստ է լրացուցիչ ռազմական օգնություն ուղարկել Իսրայելին։ Այս մասին հաղորդում է  BBC-ն։

Պենտագոնի ղեկավարը նշել է, որ ԱՄՆ-ից Իսրայել ճանապարհին են հակաօդային պաշտպանության համակարգեր և այլ սարքավորումներ։

Կողմերը մեղադրել են ՀԱՄԱՍ-ին, որոնք միտումնավոր կերպով թիրախավորում են քաղաքացիական անձանց։

Օսթինը և Գալանտը Գազա քաղաքի բնակիչներին կոչ են արել հեռանալ դեպի հարավ՝ «հանուն իրենց անվտանգության»։ Նման հրահանգ Գազայի 1,1 միլիոն բնակիչներին ավելի վաղ տվել էր նաև Իսրայելի պաշտպանության բանակը։

Հոկտեմբերի 12-ին Իսրայել էր այցելել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, որը հոկտեմբերի 13-ին Հորդանանում հանդիպել է նաև Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասի հետ։

BBC-ն նաև նշում է, որ Իսրայելի կողմից տարհանման հրահանգից հետո պաղեստինցիները զանգվածաբար փախչում են դեպի հարավ։

Միևնույն ժամանակ հաղորդվում է, որ ՀԱՄԱՍ-ը շարունակում է Գազայից հրթիռներ արձակել հարավային Իսրայելի ուղղությամբ։

Հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի ավելի քան 1500 զինյալներ ճեղքել էին անվտանգության պատնեշը և Գազայի հատվածից ներխուժել Իսրայել։ Իսրայելում զոհերի թիվը հասել է 1300-ի։ 150 մարդ պատանդ է վերցվել։ Իսրայելը պատերազմ է հայտարարել ՀԱՄԱՍ-ին և հարվածներ է հասցնում հարյուրավոր թիրախների։ Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 1400-ի։ Իսրայելը նաև Գազայի լիակատար պաշարում է սկսել՝ դադարեցնելով ջրի, էլեկտրաէներգիայի, վառելիքի, սննդի և այլ ապրանքների մուտքը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս