
Օրակարգում խաղաղության պայմանագիրն է․ Պուտինը Երևանին և Բաքվին առաջարկել է բանակցություններն անցկացնել Մոսկվայում

Մոսկվան պատրաստ է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ Այս մասին Բիշքեկում ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նեղ կազմով նիստի ընթացքում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Օրակարգում խաղաղության պայմանագրի նախապատրաստումն է, որպեսզի վերջակետ դրվի այս երկարատև հակամարտությանը։ Ռուսական կողմը, իհարկե, պատրաստ է մեր գործընկերներին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել, մասնավորապես, համաձայն ենք բանակցությունների կազմակերպել Մոսկվայում»,-ասել է Պուտինը։
ՌԴ նախագահը միևնույն ժամանակ նշել է, որ կողմերի միջև բանակցությունները կարող են անցկացվել ցանկացած ձևաչափով։
«Նախ, անհրաժեշտության դեպքում, Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների և փորձագետների ձևաչափով, և, իհարկե, մենք կնպաստենք, որ այդ բանակցություններն ավարտվեն խաղաղության համաձայնագրով, որը կստորագրեն այդ երկրների ղեկավարները․․․ Ընտրությունը միշտ այս երկրներինն է։ Մենք պատրաստ ենք պայմաններ ստեղծել այս աշխատանքի համար», – ընդգծել է Պուտինը։