Չեխիայի խորհրդարանի Սենատի նախագահն աջակցություն է հայտնել Հայաստանի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը և ժողովրդավարությանը

Չեխիայի Հանրապետության Սենատի առաջին փոխնախագահ Յիրժի Դրահոշի հրավերով Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 8-10-ն աշխատանքային այցով գտնվում է Պրահայում:

ՀՀ ԱԺ-ից հայտնում են, որ հոկտեմբերի 9-ին Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի նախագահ Միլոշ Վիստրչիլը:

Հակոբ Արշակյանը ներկայացրել է սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից ռազմական հարձակման հետեւանքով ստեղծված իրավիճակը, որը հանգեցրել է ԼՂ հայ բնակչության էթնիկ զտման:

Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ տարվող ագրեսիվ քաղաքականությանը, որի հետեւանքով օկուպացվել է Հայաստանի շուրջ 150 քառակուսի կմ տարածք:

«Խաղաղության օրակարգը մեր տարածաշրջանում այլընտրանք չունի. մենք որդեգրել ենք խաղաղության եւ ժողովրդավարության ուղին, հաստատակամ ենք մեր ընտրության մեջ եւ ակնկալում ենք միջազգային գործընկերների աջակցությունը»,- նշել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը:

Անդրադարձ է եղել նաեւ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին պատշաճ աջակցության ցուցաբերման եւ այդ ուղղությամբ միջազգային գործընկերների հետ աշխատանքներին: Հակոբ Արշակյանը շնորհակալություն է հայտնել Չեխիայի կառավարությանը՝ ցուցաբերած հումանիտար օգնության համար:

Չեխիայի Հանրապետության Սենատի նախագահ Միլոշ Վիստրչիլը ողջունել է օրերս Եվրախորհրդարանի կողմից ընդունված բանաձեւը, որը դատապարտում է Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի զինված ուժերի գործողությունները: Սենատի նախագահն աջակցություն է հայտնել Հայաստանի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը եւ ժողովրդավարությանը:

Պատվիրակության կազմում ընդգրկված են ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը եւ ՀՀ ԱԺ Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի անդամ Հասմիկ Հակոբյանը:

Տեսանյութեր

Լրահոս