ԼՂ-ից բռնի տեղահանված երեխաների արագ ինտեգրման համար պետք չէ մշտապես շեշտել ու երեխային առանձնացնել. մանկական հոգեբան
Վերջին շրջանում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիների մեջ, ցավոք, մեծ թվով երեխաներ կան, ովքեր, անկախ իրենց կամքից, ստիպված են եղել լքել իրենց տունը, մանկապարտեզը, դպրոցը, ընկերներին: Շատերը նույնիսկ սիրելի խաղալիքները չեն հասցրել իրենց հետ վերցնել և սա չի կարող հոգեբանական հետք չթողնել երեխաների վրա:
Երեխաների մոտ ստեղծված իրավիճակի հոգեբանական հետևանքների և դրսևորումների մասին «Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի հերթական հաղորդման շրջանակում մանրամասնում է բժշկական հոգեբանության ամբիոնի դոցենտ Գայանե Ղազարյանը:
Հոգեբանի ասելով՝ ցավոք սրտի հնարավոր չէ երեխաներին հեռու պահել ցանկացած սթրեսային իրավիճակներից և կյանքն այնպիսին է, որ երեխաները նույնպես ապրում են սթրեսային վիճակներ:
«Այդ իսկ պատճառով մենք ոչ թե պետք է հեռու պահենք երեխաներին, այլ պետք է սովորեցնենք միասին դուրս գալ այս սթրեսային իրավիճակներից: Երեխաների հետ աշխատելու ամենալավ տարբերակը արթերապիան և հեքիաթաթերապիան է: Երեխան փոքր տարիքից հեքիաթի միջոցով սովորում է, որ կան կյանքում դժվարություններ և ամենակարևոր բանը հեքիաթի մեջ այն է, որ վերջում միշտ բարին հաղթում է»,- ասաց Գայանե Ղազարյանը:
Մասնագետը նշեց, որ եթե երեխայի մոտ խանգարվում է քունը, խանգարվում է ախորժակը, տարբերվում է վարքը, նա սկսում է վախենալ մենությունից, փորձում է ծնողներին անընդհատ հարցնել տեղի ունեցածի մասին, ապա այս բոլոր դրսևորումները խոսում է այն մասին, որ երեխայի հետ պետք է աշխատել, իսկ եթե ծնողի մոտ չի ստացվում, բնականաբար, պետք է նաև մասնագիտական աջակցություն:
Անդրադառնալով դպրոցներում և մանկապարտեզներում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների հեշտ ինտեգրմանը և մանկավարժների ճիշտ մոտեցմանը՝ մասնագետն ընդգծեց, որ ուշադրություն, իհարկե, պետք է, բայց պետք չէ մշտապես շեշտել ու երեխային առանձնացնել, ուղղակի պետք է ընդգրկել նորմալ գործընթացի մեջ մնացած բոլոր երեխաների նման:
Ստեղծված իրավիճակում երեխաների հետ շփվելու և աշխատելու մասին մանրամասն տեղեկատվություն ստանալու և մասնագետի կողմից առաջարկվող լուծումներին ավելի մանրամասն ծանոթանալու համար առաջարկում ենք լսել փոդքաստը:
Գայանե Գաբոյան