Մոսկվան պահանջված է համարում Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորակազմի առկայությունը
Պաշտոնական Մոսկվան կարծում է, որ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի դերը Լեռնային Ղարաբաղում պահանջված է, և այն հետագայում ևս անհրաժեշտ կլինի։
«ՌԲԿ»-ին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը՝ անդրադառնալով ԼԵռնային Ղարաբաղում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորախմբի ապագային։
Նրա խոսքով՝ հողի վրա իրավիճակը բավականին արագ է զարգանում։
«Ղարաբաղի շատ բնակիչներ իրենց համար ծանր որոշում են կայացրել լքել այդ վայրերը։ Բայց միևնույն ժամանակ ես ելնում եմ նրանից, որ Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի առաքելությունը մնում է ավելի քան պահանջված։
ՌԴ խաղաղապահ զորախումբը հսկայական դեր է խաղացել, նախ՝ սեպտեմբերի 20-ին հրադադարի հասնելու և Ղարաբաղից բնակիչների զանգվածային դուրս գալու փուլում, ինչպես նաև Ղարաբաղի բնակիչներին օգնություն ցուցաբերելու հարցում։ Մեր զինվորականներն ուղեկցել են տարհանման շարասյուներին՝ ապահովելով կարգուկանոն և անվտանգություն։ Ցավոք, մեր զինծառայողներից վեցը զոհվել են իրենց ծառայողական պարտքը կատարելիս։ Մենք խորապես ցավում ենք դրա համար։ Բացի այդ, Ղարաբաղի հայերի և Ադրբեջանի իշխանությունների միջև շփումներ են իրականացվում նաև ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության ներկայացուցիչների մասնակցությամբ: Եվ Ղարաբաղում հետագա կահավորման հետ կապված շատ բարդ հարցերի համալիրը նույնպես լուծվում է Ղարաբաղի հայերի և Ադրբեջանի Հանրապետության իշխանությունների ներկայացուցիչների միջև՝ ռուս խաղաղապահների աջակցությամբ։ Մեր զորախմբի դերը պահանջված է, և ես կարծում եմ, որ այն հետագայում ևս անհրաժեշտ կլինի»,- ասել է Գալուզինը։
Փոխարտգործնախարարի կարծիքով՝ նախ մնում է հարցը, որ այնտեղ մնացած Լեռնային Ղարաբաղի բնակիչներն իրենց հանգիստ զգան։
«Չի կարելի բացառել, որ այսօր Ղարաբաղից դուրս եկածներից ոմանք ինչ-որ փուլում որոշում կայացնեն վերադառնալ։ Եվ խաղաղապահների առկայությունը այդ մարդկանց համար կդառնա հանգստության լրացուցիչ գործոն։ Այնպես որ, ես չէի ասի, որ Ղարաբաղում գտնվող ռուսական խաղաղապահ զորակազմի գործունեությունն իրեն սպառել է։ Հարցը, թե ինչպիսին կարող են լինել այդ զորախմբի՝ հետագայում այնտեղ գտնվելու եղանակները, քննարկվելու և որոշվելու է Մոսկվայի և Բաքվի միջև՝ համապատասխան խողովակներով»,- ասել է Գալուզինը։