«ՀՀ անվտանգության մասին խոսելով՝ Ֆրանսիայի ԱԳ նախարարը պոպուլիզմով է զբաղվում, պետք է լսել պաշտպանության նախարարին»․ ռազմական վերլուծաբան

Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոնան ՀՀ կատարած այցից հետո France 2 հեռուստաալիքի եթերում հաստատել է, որ Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիեն Լըքորնյուին հանձնարարել է գնահատել Հայաստանին ռազմական օգնություն ցուցաբերելու Ֆրանսիայի հնարավորությունները։

Նա հրաժարվել է նշել կոնկրետ ժամկետները և սպառազինության տեսակները, որոնք Փարիզը կարող է մատակարարել Երևանին:

«Մենք երկխոսություն ենք վարում Երևանի հետ՝ գնահատելու համար նրա սպառազինության կարիքները։ Սա նաև միջոց է՝ խուսափելու ավելի բարդ իրավիճակից, որն այս անգամ անկասկած կհանգեցնի Եվրոպայի կամ առնվազն Ֆրանսիայի կոշտ պատժամիջոցներին»,- ասել է Ֆրանսիայի ԱԳ նախարարը։

Ավելի վաղ Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիեն Լըքորնյուն նշել էր, թե չի կարծում՝ Ֆրանսիան կարող է ռազմական միջամտությամբ պաշտպանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը: Միաժամանակ Լըքորնյուն տեղեկացրել էր, որ Փարիզն ուսումնասիրում է Երևանի պաշտպանական կարիքները։

«Նախագահն անձամբ է հետևում այս հարցին, որը կարևոր է Ֆրանսիայի, շատ ֆրանսիացիների և այն ֆրանսիացիների համար, որոնք սիրում են Հայաստանն ու կապեր ունեն այդ երկրի հետ: Նախագահ Մակրոնն ասել է, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և հայ ժողովրդի պաշտպանություն Ֆրանսիայի համար բացարձակ նպատակ են»,- «Franceinfo»-ին ասել էր Ֆրանսիայի պաշտպանության նախարարը:

Ֆրանսիայի ռազմական գերատեսչության ղեկավարը հիշեցրել էր, որ բազմաթիվ հանդիպումներ է ունեցել հայ պաշտոնակցի հետ.

«Մենք Հայաստանում բացել ենք պաշտպանական առաքելություն, որը մինչև այժմ չկար, և որը թույլ է տալիս ամենօրյա երկխոսություն հայկական բանակի, Հայաստանի իշխանությունների հետ, մասնավորապես՝ անհրաժեշտության դեպքում ուսումնասիրելու նրանց պաշտպանական և անվտանգության կարիքները»:

Լրագրողի հստակեցնող դիտարկմանը, թե փաստորեն դուռն ամբողջությամբ փակ չէ, նախարար Սեբաստիեն Լըքորնյուն ասել է.

«Ձեր հարցն էր՝ Ֆրանսիան կարո՞ղ է ռազմական միջամտություն կատարել: Ես չեմ կարծում: Ակնհայտ է, որ այս հարցին պետք է պատասխանեն Հանրապետության նախագահն ու զինված ուժերի ղեկավարը։ Ամեն դեպքում, ակնհայտ է, որ մենք դիտարկում ենք Հայաստանից եկող պահանջները, որպեսզի այդ երկիրը կարողանա պաշտպանել իրեն»:

168am-ի հետ զրույցում ռուս ռազմաքաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինն ասաց, որ հայ-ֆրանսիական ռազմական համագործակցության մեկնարկը պետք է դիտարկել Հայաստանի՝ ՀԱՊԿ-ը լքելու հեռանկարի կոնտեքստում։ Ըստ նրա, երևում է, որ իսկապես Ֆրանսիայի կողմից որոշ մատակարարումներ կլինեն։

«Սակայն այստեղ կան բազմաթիվ հարցեր։ Իհարկե, ՀՀ ԶՈՒ ներկայիս իրավիճակով պայմանավորված՝ ցանկացած մատակարարում կբարձրացնի որոշակի առումով ՀՀ պաշտպանունակությունը, ինչը դրական է։ Սակայն հարց է, թե Ֆրանսիան կկարողանա՞ լիովին փակել ՀՀ կարիքները և ի՞նչ կմատակարարի Հայաստանին։ Եվ ընդհանրապես՝ միայն մատակարարումը Հայաստանին բավարա՞ր է լինելու՝ ապահովելու իր անվտանգությունը։ Հենց դրանով է պայմանավորված Ֆրանսիայի ՊՆ ղեկավարի հոռետեսությունը։ Ինչպես տեսնում ենք, խոսվում է ռազմական համագործակցության մասին, սակայն գլխավոր դերում է Ֆրանսիայի ԱԳ նախարարը, քանի որ այն ոչ այնքան ունի ռազմական բաղադրիչ, որքան դիվանագիտական, ցուցադրական, որ Ֆրանսիան իսկապես ունակ է դիրքավորվել՝ որպես ՀՀ անվտանգության երաշխավոր, սակայն, երբ գալիս է գլխավոր հարցը՝ միջամտության հարցը, Ֆրանսիան այդ ուղղությամբ ոչինչ չի կարող անել և չի կարող որևէ երրորդ երկրի դեմ դուրս գալ։

Ստացվում է, որ այն, ինչից դժգոհ էր Երևանը, լինելով ՀԱՊԿ-ի կազմում, լինելով ՌԴ ռազմավարական դաշնակիցը, փոխելով Ռուսաստանին Ֆրանսիայով, որակապես այլ դաշնակից չի ստանալու։

Նման հարցերում պետք է լսել ոչ թե ԱԳ նախարարին, այլ Պաշտպանության նախարարին, ուստի այս դեպքում Ֆրանսիայի Պաշտպանության նախարարը հստակ արտահայտվել է։ Այսինքն՝ Ռուսաստանը պարզապես փոխարինվելու է Ֆրանսիայով։

Եթե ողջ Արևմուտքը, ինչը խիստ կասկածելի էր, հանձն առներ զբաղվել ՀՀ անվտանգությամբ, դա կլիներ լուրջ քայլ, սակայն այդ մասին մինչ այս պահը, բացի Ֆրանսիայից, որևէ այլ երկիր չի խոսում։ Իսկ Ֆրանսիան իր հերթին՝ պոպուլիզմով է զբաղվում։ Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո դիրքավորվելով Հարավային Կովկասում՝ որպես հայամետ, ինչո՞ւմ է արտահայտվել Ֆրանսիայի հայամետությունն իրականում, ինչպիսի՞ քայլերում։ Սակայն Ֆրանսիայի դեպքում ապագայում ևս կարծես Երևանը որևէ դժգոհություն չի ունենա, ինչ Ռուսաստանի դեպքում, քանի որ իր դաշնակցին փոխելու և Ռուսաստանին Ղարաբաղից և Հայաստանի Հանրապետությունից դուրս բերելու նպատակ ուներ»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է ռուս խաղաղապահներին Արցախում, վերլուծաբանը գտնում է, որ ԼՂ-ից նրանց դուրսբերման գործընթացը մեկնարկել է և դա, նրա խոսքով՝ նախօրեին Վալդայում ազդարարեց նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ նշելով, որ այնտեղ հայեր չեն մնացել։

«Նա նաև լույս սփռեց այն հարցի վրա, թե ինչ իրավունքներ են ունեցել խաղաղապահներն իրականում, ըստ էության իրավիճակը մոնիտորինգի ենթարկելու իրավունքներ, և դա ասվեց ի պատասխան հայկական կողմից հնչող մեղադրանքների, թե խաղաղապահներն իրենց գործառույթները չեն իրականացրել։ Վերջին իրադարձություններից հետո այլևս կարծես ավելորդ է դառնում խաղաղապահների տեղակայումը ԼՂ-ում, սակայն ինձ համար կանխատեսելի է նաև այն, որ գուցե այնտեղ ոչ շատ հեռու ապագայում տեղակայվեն խաղաղապահներ կամ դիտորդներ Արևմուտքից, եթե դրան Ալիևը համաձայնի, որը հրաժարվեց բանակցել Մակրոնի և Շոլցի միջամտությամբ Եվրոպայում։

Ինչպես տեսնում ենք, տարածաշրջանում դիվանագիտական բարդ կոմբինացիաներ են և Արևմուտքի կողմից լուրջ պայքար։ Միևնույն ժամանակ տեսնում ենք, որ ՌԴ-ն աշխարհաքաղաքական պայքար չի մղում, սակայն նրա փոխարեն իրավիճակը պահպանում են Իրանը և մյուս խաղացողները»,- ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս