Ուկրաինայում հայտնել են, որ Խարկովի գյուղերից մեկի գնդակոծության հետևանքով զոհերի թիվը հասել է 52-ի
Ուկրաինայի իշխանությունները հայտնում են, որ Խարկովի մարզի Գրոզա գյուղին հոկտեմբերի 5-ին ռուսական ուժերի հասցրած հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 52-ի։ 6 մարդ վիրավոր է։ Այս մասին տեղեկանում ենք BBC-ի ռուսական ծառայությունից։
Ըստ տեղի իշխանությունների՝ սա Խարկովի մարզում ամենամեծ թվով զոհերի պատճառ դարձած հարձակումն է՝ Ռուսաստանի ծավալած ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր։ Խարկովի մարզում եռօրյա սուգ է հայտարարվել։
Ըստ Ուկրաինայի ներքին գործերի նախարար Իգոր Կլիմենկոյի՝ Գրոզա գյուղում ապրում է շուրջ 300 մարդ։ Հարվածի պահին մարդիկ եղել են սրճարանում՝ հոգեհացի։
Իսկ հոկտեմբերի 6-ի առավոտյան, ըստ ուկրաինական կողմի, ՌԴ զինված ուժերը հարվածել են Խարկով քաղաքին։ Զոհվել է մեկ 10-ամյա երեխա, 9 մարդ վիրավոր է։
Հաղորդվում է նաև, որ գիշերը հարվածներ են հասցվել Օդեսայի մարզին։ Ըստ Ուկրաինայի գլխավոր դատախազության հաղորդագրության՝ վնասվել են հացահատիկի պահեստարաններ, վարչական շենքեր և բեռնատարներ։