ՄԻԵԴ-ը հրապարակել է Ադրբեջանի կողմից գերեվարված Կարեն Ղազարյանի գործով վճիռը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Ադրբեջանի կողմից Բերդավան համայնքի բնակիչ Կարեն Ղազարյանի գերեվարման գործով որոշում է կայացրել։ Այս մասին տեղեկացրին ՄԻԵԴ-ի լրատվական ծառայությունից։

Կարեն Ղազարյանը Ադրբեջանի կողմից գերեվարվել էր 2018 թվականի հուլիսի 15-ին։ Հետագայում Ադրբեջանի դատարանը նրան մեղավոր էր ճանաչել դիվերսիաներ և ահաբեկչական գործողություններ իրականացնելու համար և ապօրինաբար դատապարտել 20 տարվա ազատազրկման։ Նա Հայաստան է վերադարձվել 2020 թվականի դեկտեմբերին՝ գերիների փոխանակման շրջանակներում։

«Դիմումատուները (Ղազարյանի ծնողները—խմբ․) վկայակոչել են, մասնավորապես, Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածը (անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի արգելում) և 5-րդ հոդվածը (անվտանգության և ազատության իրավունք), և բողոքել են իրենց որդու ձերբակալությունից, կալանավորումից և դատավարությունից»,- նշված է հաղորդագրության մեջ։

Դատարանի որոշմամբ՝ Ադրբեջանը խախտել է Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերը, 4-րդ կետում խախտում չի հայտնաբերել, ինչպես նաև խախտել է Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածը։

ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է վճարել 10 հազար եվրո փոխհատուցում և ևս 3225 եվրո՝ դատական ծախսերի համար։

Տեսանյութեր

Լրահոս