
Արտատարածաշրջանային երկրների ներկայությունը ցանկացած պատրվակով օգուտ չի բերում տարածաշրջանային ազգերին. Ռայիսի

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին անընդունելի է համարել Հարավային Կովկասում ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխություն։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Irna» գործակալությանը, այս մասին Ռայիսին ասել է Հայաստանի և Ադրբեջանի պաշտոնատար անձանց հետ հանդիպումների ժամանակ։
Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ բանակցությունների ընթացքում Իրանի նախագահ Ռայիսին ընդգծել է Կովկասի երկրների տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքի կարևորությունը և հայտարարել, որ Իրանը պատրաստ է համագործակցել այդ տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ամրապնդման գործում:
Ռայիսին նաև մերժել է Կովկասում ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխություն ՝ դրանք վնասակար անվանելով տարածաշրջանի երկրների շահերի համար։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հատուկ ներկայացուցիչ Խալաֆ Խալաֆովի հետ հանդիպման ժամանակ նա ընդգծել է Լեռնային Ղարաբաղում հայերի իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը և հայտարարել է, որ Իրանը պատրաստ է օգնել Հայաստանին և Ադրբեջանին՝ երկխոսության միջոցով լուծելու հակամարտությունը:
Ռայիսին ասել է, որ Կովկասում կայունության պահպանումն ու ամրապնդումը կախված է տարածաշրջանի երկրների համագործակցությունից, որոնք, նրա խոսքով, ունակ են լուծել տարածաշրջանային խնդիրները:
Նա հավելել է, որ արտատարածաշրջանային երկրների ներկայությունը ցանկացած պատրվակով օգուտ չի բերում տարածաշրջանային ազգերին, և որ տարածաշրջանի աշխարհաքաղաքականությունը պետք է մնա անփոփոխ:
Հայաստանի և Ադրբեջանի պաշտոնյաներն իրենց երախտագիտությունն են հայտնել Իսլամական Հանրապետությանը տարածաշրջանային հարցերի վերաբերյալ դիրքորոշման համար: Նրանք նաև հայտարարել են Իրանի հետ հարաբերությունների ընդլայնման հարցում իրենց երկրների շահագրգռվածության մասին: