
Անկարան ողջունել է այսօր Գրանադայի հանդիպմանը չմասնակցելու Բաքվի որոշումը

Թուրքիան ողջունում է իսպանական Գրանադա քաղաքում Ղարաբաղի հարցով հանդիպմանը չմասնակցելու Ադրբեջանի որոշումը: Այս մասին, ըստ թուրքական պետական «Անադոլու» գործակալության, հայտարարել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խոսնակ Օմեր Չելիքը։
«Պարոն Ալիևը չեղարկել է իր այցը Իսպանիա, քանի որ հանդիպմանը Թուրքիայի մասնակցության պայմանը չի ընդունվել,- ասել է նա՝ հավելելով,- Նիստին մասնակցելու են Ֆրանսիան, Գերմանիան, ԵՄ-ն, Հայաստանը, հրավիրում են Ադրբեջանին, իսկ Թուրքիան այնտեղ չէ, պատկերացնո՞ւմ եք»:
Հիշեցնենք, որ երեկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ չի մասնակցելու Գրանադայի հոկտեմբերի 5-ի կայանալիք հանդիպմանը, որտեղ կողմերը պատրաստվում էին քննարկել Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը։
Նիկոլ Փաշինյանը, սակայն, երեկ ԱԺ-ում հայտարարել է, որ պատրաստվում է մեկնել Գրանադա ու «դետալացված ձևով ներկայացնել դիրքորոշումները»։
«Ցավում ենք, որ հանդիպումը տեղի չունեցավ, բայց հույս ունենք, որ այն հայեցակարգային փաստաթուղթը, որը դրված է սեղանին, հարմար պահի կստորագրվի: Ես պատրաստ եմ ստորագրել այդ պայմանագիրը»,- ասել էր Փաշինյանը։