Կառավարությունը շուտով կներկայացնի բռնի տեղահանվածների բոլոր խնդիրները հոգալու ծրագիր. պատգամավոր

Հայաստանի կառավարությունը շուտով կներկայացնի ծրագիր՝ «քարտեզ», որով կներկայացնի, թե ինչպես է հոգալու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց խնդիրները:

Այս մասին ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արմեն Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում:

«Բավականին մեծ ծանրաբեռնվածությամբ՝ 24/7 ռեժիմով Սյունիքում աշխատանքներ են տարվում մեր հայրենակիցներին ընդունելու, նրանց առաջնային խնդիրները լուծելու, կացարաններով ապահովելու համար: Հոսքը բավականին մեծ է: 3 մլն-անոց հանրապետության համար այդպիսի քանակությամբ ժողովրդի Հայաստան գալը բավականին լուրջ ցնցումների է ենթարկել պետական ողջ ապարատը, պետական ապարատն այսօր գործում է գերծանրաբեռնված և արտակարգ ռեժիմով»,-ասաց պատգամավորը:

Մեծ աշխատանք են տանում նաև բնակիչները, կամավորները հատկապես Սյունիքում՝ աջակցելով պետական կառավարման մարմիններին: Խաչատրյանը շեշտեց, որ Սյունիքը միասնական է, բոլորը լծված են աշխատանքին:

«Երկրորդ փուլով պետք է հասկանանք, թե որտեղ են բնակվելու այդ մարդիկ, պետք է լուծվի նրանց կացարանի հարցը:Շուտով կառավարությունը կներկայացնի ծրագիր՝ քարտեզը, որով ցույց կտրվի, թե մեր տեղահանված քույր-եղբայրների ապագան ինչպես ենք պատկերացնում, ինչպես ենք հոգալու նրանց բոլոր խնդիրները»,-նշեց նա:

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղի դեմ լայնածավալ հարձակում էր սկսել՝ թիրախավորելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ, խաղաղ բնակիչներին: Զոհվել և վիրավորվել էին նաև քաղաքացիական անձինք: Սեպտեմբերի 20-ին ԼՂ իշխանություններն ընդունեցին ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ: Սեպտեմբերի 21-ին Եվլախում կայացավ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը: Սեպտեմբերի 25-ին Իվանյանում (Խոջալու) տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների երկրորդ հանդիպումը, իսկ սեպտեմբերի 29-ին Եվլախում կայացավ արդեն երրորդ հանդիպումը: Վերջին օրերին Լեռնային Ղարաբաղից ՀՀ են տեղափոխվում բռնի տեղահանված քաղաքացիներ: Սեպտեմբերի 29-ի ժամը 12:00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 91 հազար 448 անձ է ժամանել:

Տեսանյութեր

Լրահոս