
ԿԸՀ-ն բաշխել է հոկտեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններում ՏԸՀ նախագահի և քարտուղարի պաշտոնները

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը բաշխել է 2023 թվականի հոկտեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններում տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոններն Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցության, կուսակցությունների դաշինքների միջև։ Արարատի մարզի Վերին Դվին և Կոտայքի մարզի Արզնի համայնքներում հոկտեմբերի 29-ին մեծամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ են։
Տեղամասային ընտրական հանձնաժողովներում հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոններն Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցության, կուսակցությունների դաշինքների միջև «Ընտրություններ» ավտոմատացված համակարգի միջոցով բաշխվել են հետևյալ համամասնությամբ`
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն` 2 -ական,
«Հայաստան» կուսակցությունների դաշինք` 1-ական,
«Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինք` 0 -ական։
Բաշխումն իրականացվում է ԱԺ խմբակցությունների ստացած մանդատների համամասնությամբ։
Տեղամասային ընտրական հանձնաժողովներում անդամներ նշանակելու մասին հայտերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացվում են 2023 թվականի սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 4-ը` մինչև ժամը 18.00-ն:
Տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամ կարող են նշանակել միայն ԱԺ խմբակցությունները և Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները (յուրաքանչյուրը 2 անդամ): ԿԸՀ-ն ՏԸՀ անդամ նշանակելու իրավասություն չունի։