Բաժիններ՝

ԱՄՆ պետքարտուղարի օգնականը և Չինաստանի ԱԳ փոխնախարարը քննարկել են Հնդկախաղաղօվկիանոսյան խնդիրները

ԱՄՆ պետքարտուղարի՝ Արևելյան Ասիայի և Խաղաղ օվկիանոսի հարցերով օգնական Դենիել Քրիթենբրինքը Վաշինգտոնում Չինաստանի ԱԳ փոխնախարար Սուն Վեյդոնի հետ հանդիպմանը քննարկել է Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանի խնդիրները։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայությունը:

«Կողմերն անցկացրել են անկեղծ, խորը և կառուցողական խորհրդակցություններ տարածաշրջանային խնդիրների շուրջ՝ հաղորդակցության բաց գծեր պահպանելու շարունակական ջանքերի շրջանակներում», – ասվում է հաղորդագրության մեջ։

Պետքարտուղարությունը նշում է, որ Քրիթենբրինքն անդրադարձել է ԱՄՆ-ի Հնդկախաղաղօվկիանոսյան ռազմավարությանը և «ընդգծել ազատ ու բաց, փոխկապակցված, բարգավաճ, ուժեղ և անվտանգ Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանի և կանոնների վրա հիմնված միջազգային կարգի պահպանման կարևորությունը»:

Կողմերը քննարկել են տարածաշրջանային խնդիրներ, այդ թվում՝ Հարավային Կորեան։ ԱՄՆ պետքարտուղարի օգնականը նաև «հաստատել է Թայվանի նեղուցի շրջանում խաղաղության և կայունության պահպանման կարևորությունը»։

Հաղորդագրության մեջ ասվում է, որ հանդիպումը տեղի է ունեցել Նյու Յորքում պետքարտուղար Էնթոնի Բլինքենի ու Չինաստանի փոխնախագահ Հան Չժենի և Մալթայում Չինաստանի արտգործնախարար Վան Իի հետ ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական Ջեյք Սալիվանի՝ վերջերս կայացած շփումներից հետո:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս