
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի մի շարք քաղաքացիների և ընկերությունների նկատմամբ

ԱՄՆ ֆինանսների նախարարության ահաբեկչության և ֆինանսական հետախուզության հարցերով քարտուղարի տեղակալ Բրայան Նելսոնը հայտարարել է Թուրքիայի, Իրանի, Չինաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) բնակիչների, ինչպես նաև այդ երկրներում գործող մի շարք ընկերությունների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Պատժամիջոցները բացատրվել են ռուս-ուկրաինական հակամարտության ֆոնին իրանական հարվածային անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ)՝ «Shahed-136»-ի պատրաստման հարցում Իրանին և Ռուսաստանին տրամադրված այս կամ այն օգնությամբ:
Նշվել է, որ վերոհիշյալ ընկերությունների կողմից ԱԹՍ-ն պատրաստելու նպատակով տրամադրված մասերը հայտնաբերվել են Ուկրաինայի տարածքում խոցված «Shahed-136»-ի մասունքներում:
Հիշեցնենք, որ 2022-ի փետրվարի 24-ից ի վեր Ռուսաստանի կողմից Ուկրաինայում իրականացվող հատուկ ռազմական օպերացիան սկսելուն պես ԱՄՆ-ը և Եվրամիությունը (ԵՄ) Ռուսաստանի դեմ մի շարք պատժամիջոցներ են կիրառել և մինչ օրս շարունակում են իրականացնել նմանօրինակ գործողություններ:
Չնայած այն բանին, որ Իրանը և Ռուսաստանը շարունակում են հերքել «Shahed-136»-ի կիրառումը հատուկ ռազմական օպերացիայի շրջանակներում, ԱՄՆ-ն և Ուկրաինան շարունակում են պնդել հակառակը և մեղադրել Իրանին հակամարտության մեջ ներքաշվելու համար: