Արցախյան հակամարտության էջը փակվե՞ց
Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ, մինչ այդ կլուծարվեն կառավարության ենթակայության բոլոր պետական հիմնարկները և կազմակերպությունները։ Այս մասին հրամանագիր է ստորագրել Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը։
Փաստաթղթում նշվում է, որ այս ամենն արվում է ստեղծված ռազմաքաղաքական բարդ իրավիճակից, Արցախի ժողովրդի ֆիզիկական անվտանգության և կենսական շահերի ապահովման առաջնահերթությունից ելնելով։ Սա, բնականաբար, մեծ ցավով է ընդունվել հայաստանյան հասարակության, ինչպես նաև ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում մասնագիտացած օտարերկրյա փորձագետների կողմից, որոնցից շատերն այսօր էլ կարծում են, որ հակամարտության պատմությունը սրանով չի ավարտվում։
168.am-ի հետ զրույցում ռուս կովկասագետ Ստանիսլավ Տարասովն ասաց, որ ցավալի է տեսնել այն, ինչ կատարվում է, թեև սա նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարությունից հետո ամենահավանական սցենարներից մեկն էր։
Տարասովը հիշեցրեց, որ եղել է ԼՂ-ում, սիրել է այդ տարածաշրջանը, այդ այցի պատճառով հայտնվել Ադրբեջանի սև ցուցակում։ Ըստ նրա, այս փուլում կարելի է համարել, որ գլխավոր հարցն Ադրբեջանն իր համար լուծել է, սակայն շատ հարցեր ներկայումս քննարկման փուլում են։
«Մասնավորապես այն, թե ինչպիսի՞ն պետք է լինի Ղարաբաղում կառավարումը, ի՞նչ տարբերակով առաջ կգնան, դրսից ի՞նչ ուժեր կմասնակցեն, ռուս խաղաղապահները կմնա՞ն, թե՞ ոչ, կգա՞ արդյոք արևմտյան դիտորդական առաքելություն, թե՞ ոչ։ Իրականում, Ղարաբաղը լքելու այս զգացմունքային ֆոնին բարդ է որևէ այլ հարց տեսնել, սակայն այս հարցերը ոչ պակաս կարևոր են ապագա զարգացումների տեսանկյունից։ Հակամարտության էջը կարելի է փակված համարել միայն այն դեպքում, երբ բոլոր հարցերը կփակվեն, երբ պարզ կլինի նաև, թե արտաքին ուժերից որն ինչպես է դիրքավորվում այս նոր իրավիճակում, իսկ նոր դիրքավորումներ շատ հնարավոր են»,- ասաց Տարասովը։
Նա նշեց, որ Խաղաղության համաձայնագիրը, որը պետք է շատ հարցեր արձանագրի, դեռ ստորագրված չէ, թեև այդ համաձայնագրում ԼՂ-ի մասին գրեթե ոչինչ չի գրվելու։
«Սակայն Խաղաղության համաձայնագիրը և հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման պայմանները չափազանց կարևոր են տարածաշրջանի ապագան գնահատելու տեսանկյունից։ Իսկ այդ հարցերը ներկայումս դեռ քննարկման փուլում են։ Դեռ պարզ չէ նաև, թե կոնկրետ ինչ ազդեցություն է ունենալու Անդրկովկասում Ռուսաստանը վաղը։ Սա, իհարկե, ամենայն հավանականությամբ պարզ կդառնա ոչ շուտ, քան 2025 թվականին»,- ասաց նա։
Վերջին մեկ շաբաթվա ընթացքում՝ Արցախյան ողբերգական զարգացումների և Նիկոլ Փաշինյանի Անկախության մասին ուղերձից հետո ռուսական կողմը սրել է հռետորաբանությունը ՀՀ իշխանությունների նկատմամբ։
Նախ տարածվեց ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունը, մեկնաբանություններով հանդես եկան ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, իսկ նախօրեին՝ նաև ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
Նա նշեց, որ Հայաստանի ղեկավարությունը պետք է հիշի, թե ինչ ճակատագրի են արժանացել այն երկրները, որոնք հույս են կապել ԱՄՆ-ի հետ։Պատասխանելով հարցին, թե կարո՞ղ է այնպես ստացվել, որ Հայաստանը կորցնի Ռուսաստանի հետ իր կապն ու հարաբերությունները, Լավրովը պատասխանել է, որ Երևանում մի շարք քաղաքական գործիչներ հենց նման սցենար են ուզում և թեքվում են դեպի Արևմուտք։ «Գիտեք, այնտեղ շատերն են ցանկանում կորցնել Ռուսաստանը և նոր ընկերներ ձեռք բերել»,- ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳ նախարարը։
«Եթե նրանք հույսները կապում են ԱՄՆ-ի հետ, ինչը բխում է Հայաստանի իշխանության շատ ներկայացուցիչների հայտարարություններից, ապա լավ կլիներ, որ ուսումնասիրեին ժամանակակից պատմությունը, թե ինչպես է ԱՄՆ-ը վարվել նրանց հետ, ում ցանկացել է առնել իր թևի տակ, և ինչպես է առաջ տարել իր աշխարհաքաղաքական շահերը՝ ամերիկյան ափերից հեռու տարածաշրջաններում։ Բոլոր այդ մարդկանց ճակատագրերը նախանձի տեղիք բոլորովին չեն տալիս»,- նշել է Լավրովը։
Նրա խոսքով՝ ցանկացած դեպքում Անդրկովկասում Ռուսաստանի Դաշնության շահերը չեն կարող անտեսվել։
«Պատմական, աշխարհագրական, աշխարհաքաղաքական տեսանկյունից անհնար է Ռուսաստանին կորցնել այն առումով, որ բոլորովին անտեսվեն նրա շահերն Անդրկովկասում։ Բայց Հայաստանի իշխանության որոշ ներկայացուցիչներ այդպիսի հույսեր փայփայում են և այդ մասին ուղիղ ասում են»,- ասել է Սերգեյ Լավրովը։ ՌԴ ԱԳ նախարարը նշել է, որ նման մտքեր հնչել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին ելույթներից մեկում։ «Նա հայտարարել էր, թե «չկայացած դաշինքները», որոնց հետ անվտանգային առումով հույսեր էր կապում Հայաստանը, անհրաժեշտ է փոխարինել և ընդլայնել գործընկերների շրջանակը, որոնք կարող են այդ անվտանգությունն ապահովել»,- հիշեցրել է Լավրովը։
Մեզ հետ զրույցում Ստանիսլավ Տարասովն անդրադարձավ նաև այս հարցին՝ ասելով, որ ռեգիոնում աշխարհաքաղաքական գործընթացն ունի մեկ ուղղություն, սակայն բաղկացած է մի քանի գործընթացներից։ Դրանցից մեկը, ըստ նրա, հայ-ռուսական հարաբերություններն են, որոնք ճգնաժամային փուլում են, մյուսը՝ ռեգիոնալ խաղացողների հարաբերություններն են՝ ռուս-թուրքական, թուրք-իրանական, ռուս-իրանական և արևմտյան երկրների, մասնավորապես՝ Ֆրանսիայի, Գերմանիայի, Միացյալ Նահանգների ակտիվությունը Հայաստանի և Ադրբեջանի հետ հարաբերություններում։
«ՌԴ ԱԳ նախարարն անկեղծ է՝ այս տարածաշրջանում Արևմուտք ընտրող բոլոր երկրներն ընկան փորձությունների մեջ։ Ակնհայտ է դառնում, որ Ղարաբաղյան հարցի էջը փակելով, որն Արևմուտքը ցանկանում է անել՝ այնտեղ դիտորդական առաքելություն տեղակայելով, որը խնդիրներ կհարուցի ռուս խաղաղապահների համար, ռեգիոնում հաջորդ ամենակարևոր փուլը դա ճանապարհների բացումն է և ամենակարևոր խնդրահարույց ուղղությունը՝ այսպես կոչված, միջանցքի կամ ճանապարհի հարցը։
Այստեղ ևս Արևմուտքը կփորձի մաքսիմալ դերակատարություն ստանձնել, թեև նոյեմբերի 9-ի հայտարարությամբ, ինչպես նաև վերջերս Հայաստանի և Ադրբեջանի միջև միմյանց տարածքային ամբողջականության ճանաչմամբ միջանցքի հարցը պետք է որ հարցեր չառաջացներ, քանի որ ամեն ինչ պարզ է։ Սակայն, ինչպես տեսանք օրերս, հարցը մասամբ քննարկվեց նաև Ալիև-Էրդողան նախիջևանյան բանակցությունների ընթացքում։
Իմ տպավորությամբ, որը ձևավորվել է այս օրերին ԱՄՆ ակտիվությունից Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերություններում, Միացյալ Նահանգների տեսանկյունից Հայաստանի հետ շատ հարցեր պարզ են, Արևմուտքն աշխատելու է Ադրբեջանի ուղղությամբ։ Չկա մեկ հիմնական գործընթաց, սցենարները մի քանիսն են և ակտիվ աշխարհաքաղաքական պայքարի փուլում ըստ աշխարհաքաղաքական կենտրոնի ակտիվության այս կամ այն սցենարն է առաջ մղվում»,- ասաց նա։
Բնականաբար, նրա որակմամբ, այս ծանր աշխարհաքաղաքական և տարածաշրջանային իրավիճակում հայ-ռուսական հարաբերություններում նման իրավիճակը ՀՀ անվտանգային ներկայիս պայմաններում առաջին հերթին ՀՀ-ի համար է բացասական երևույթ։
«Եթե Արևմուտքն իսկապես հետևողական օգներ իր գործընկերներին, ունենար մեծ ազդեցություն տեղում, ապա սա տագնապային չէր լինի, սակայն Արևմուտքի համար Հարավային Կովկասը փաթեթային հարց է, հենց դա է պատճառը, որ ԱՄՆ-ը չխորացավ ԼՂ հարցի մանրամասների մեջ։
Հաջորդ թեման ճանապարհներն են, տեսնենք՝ ինչպիսի ներգործություն կարող են ունենալ արևմտյան երկրները, Ֆրանսիան, որն արդեն խոսում է ՀՀ տարածքային ամբողջականության մասին, Բայդենի՝ Փաշինյանին ուղղված նամակում ևս կար այդ շեշտադրումը, սակայն մեկ բան է հայտարարությունը, հրապարակային խոսքը, մեկ այլ բան՝ քաղաքականությունը և ռեալպոլիտիկը։ Այս հարցում առավել իրատեսական է սպասել Իրանի, քան Արևմուտքի ազդեցության ամրապնդում։ Այնուամենայնիվ առաջիկայում հեշտ զարգացումներ չեն սպասվում»,- ասաց նա։
Վերլուծաբանի կարծիքով, հոկտեմբերի 5-ին իսպանական Գրանադայում սպասվող Փաշինյան-Ալիև հանդիպումը բովանդակային առումով հետաքրքիր կլինի, ամենայն հավանականությամբ, և գուցե տա մոտավոր պատասխան, թե երբ կողմերը պատրաստ կլինեն ստորագրել Խաղաղության համաձայնագիր։
«Այնուամենայնիվ պետք է արձանագրել, որ հետպատերազմյան երեք հայտարարությունները կան, բայց կողմերը դրանցով չեն առաջնորդվում, այլ ընթանում են արևմտյան բանակցային հարթակով և փոփոխված օրակարգով»,- ասաց նա։