Չինաստանն ու Հայաստանը հարգում են միմյանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը. դեսպան Ֆան Յոն

Չինաստանն ու Հայաստանը հարգում են միմյանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, աջակցում միմյանց ընտրած քաղաքական համակարգերը և զարգացման ուղիները, սերտորեն համակարգում են իրենց գործողությունները միջազգային բազմակողմ ոլորտներում, պաշտպանում իրենց երկրների օրինական իրավունքները և շահերը՝ պահպանելով համաշխարհային արդարամտությունը։

Այս մասին նշեց Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնը Չինաստանի ժողովրդական Հանրապետության հիմնադրման օրվա 74-ամյակի կապակցությամբ կազմակերպված միջոցառման ժամանակ

«Չինաստանը և Հայաստանը փոխշահավետ համագործակցության հավատարիմ գործընկերներ են։ Չինաստանը երկար ժամանակ եղել է Հայաստանի երկրորդ խոշոր առևտրային գործընկերը, իսկ երկկողմ առևտրի ծավալը շարունակում է աճել։

Չինաստանի կողմից իրականացվող այնպիսի ծրագրերը, ինչպիսիք են «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու և Կապսի ջրամբարի կառուցումը, սահուն առաջ են ընթանում, իսկ Հայաստանի հանրային հեռուստատեսության նոր տաղավարների կառուցման ծրագիրը, որը նույնպես իրականացվում է Չինաստանի կողմից, նոր առաջընթաց է գրանցել: Հայաստանը կմասնակցի նաև այս տարվա նոյեմբերին Շանհայում անցկացվող Ներմուծվող ապրանքների և ծառայությունների 6-րդ ազգային ցուցահանդեսին։ Մենք ողջունում ենք հայ ձեռներեցների ակտիվ մասնակցությունը չինական ցուցահանդեսներին:

Չինաստանն ու Հայաստանը մշակութային փոխանակման ոլորտում մտերիմ ընկերներ են հանդիսանում։ Հայաստանում չինարենի նկատմամբ հետաքրքրությունն աճել է՝ չինարեն սովորողների թիվը գերազանցում է 4000-ը։

Երկու երկրների միջև տարածաշրջանային համագործակցությունը շարունակում է խորանալ։ Ցինտաո և Երևան քաղաքները հաստատել են բարեկամական հարաբերություններ, Անհուեյ նահանգը և Վայոց ձորի մարզը, ինչպես նաև Հեֆեյ և Եղեգնաձոր քաղաքները ստորագրել են բարեկամական կապերի և համագործակցության հուշագրեր»,- նշեց դեսպանը շնորհավորական իր ուղերձում:

Նա ընդգծեց՝ Չինաստանը պատրաստ է համագործակցել Հայաստանի հետ՝ օգտագործելով «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը և «Երեք գլոբալ նախաձեռնություններ»-ի իրագործումը՝ երկու երկրների հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու և վերջիններիս միջև բարեկամության և համագործակցության նոր փուլ սկսելու համար։

Դեսպանի խոսքով՝ Չինաստանի զարգացումն ուղղված չէ միայն սեփական շահերին, այն նպաստում է ողջ աշխարհի ընդհանուր զարգացմանը։ Չինաստանի զարգացման մոդելը հզոր ազդակ է հաղորդում աշխարհին և այլ երկրներին նոր հնարավորություններ է տալիս սեփական զարգացմանը հասնելու համար: Չինաստանը վճռականորեն հավատարիմ է աշխարհի անկախ արտաքին քաղաքականությանը, ձգտում է խաղաղության ու զարգացման և նպաստում է նոր տեսակի միջազգային հարաբերությունների ստեղծմանը՝ հիմնված փոխադարձ հարգանքի, արդարության և փոխշահավետ համագործակցության վրա:

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, ջերմորեն շնորհավորելով Չինաստանի ազգային օրվա՝ ՉԺՀ կազմավորման 74-րդ տարեդարձի կապակցությամբ, հիշեցրեց՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր հայ-չինական բարեկամական համագործակցությունը, հիմնված լինելով ավանդական սերտ կապերի վրա, կայուն զարգացել և ամրապնդվել է, իսկ երկու ժողովուրդների ու պետությունների միջև ձևավորվել են փոխադարձ հարգանքի վրա հիմնված սերտ կապեր:

«Չինաստանը հանդիսանում է Հայաստանի առաջնային առևտրական գործընկերներից մեկը, և մենք մեծապես կարևորում ենք բարեկամական փոխգործակցության հետագա ամրապնդումը: Մենք շարունակում ենք ամրապնդել փոխշահավետ համագործակցությունը՝ ավելի ընդլայնելով գործընկերության շրջանակը, այդ թվում՝ առևտրի, զբոսաշրջության, մշակույթի, կրթության և այլ ոլորտներում»,- ասաց Արշակյանը:

Նա հույս հայտնեց, որ առաջիկայում հնարավորություն կլինի էլ ավելի ակտիվացնելու նաև միջխորհրդարանական մեխանիզմները և հնարավորություն կստեղծվի կազմակերպելու միջխորհրդարանական բարեկամական խմբերի փոխայցեր։

«Մենք սատարում ենք չինական կողմին վերջինիս համար զգայուն հարցերի շուրջ՝ հետևողականորեն աջակցելով Չինաստանի Ժողովրդական Հանրապետությանը «Մեկ Չինաստանի» հարցում, ինչպես նաև համագործակցում գլոբալ մարտահրավերներին դիմագրավելու օրակարգի շուրջ»,-ընդգծեց Արշակյանը:

Հայաստանի կառավարությունն արժևորում է Չինաստանի կառավարության օգնության քաղաքականությունը, որի շրջանակներում Հայաստանին պարբերաբար տրամադրվում են դրամաշնորհներ, տեխնիկական օգնություն, արտոնյալ վարկեր:

Ամփոփելով իր խոսքը՝ Արշակյանն ընդգծեց՝ հայ ժողովուրդը ներկայումս անցնում է ծանր փորձություններով: Պատմության ընթացքում չինացի ժողովրդին նույնպես բաժին են հասել արհավիրքներ, որոնք չին ժողովուրդը հաղթահարել է համբերությամբ, տոկունությամբ և համառ աշխատանքով:

«Այսօրվա տոնը խորհրդանշում է չին ժողովրդի պատմական վերելքի սկիզբը և նրա մեծ խորհուրդը մեզ հույս ներշնչում, որ հին ժողովուրդները և հին քաղաքակրթություններն ունակ են հաղթահարելու դժվարությունները և կառուցելու նոր ու արդիական հասարակություն»,-շնորհավորական իր ուղերձը եզրափակելով՝ ասաց նա:

74 տարի առաջ հոկտեմբերի 1-ին Պեկինի կենտրոնում` Տիանանմեն հրապարակում, չինական հեղափոխության առաջնորդ Մաո Ցզե Դունը հայտարարեց Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հիմնադրման մասին:

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հիմնադրման օրը երկրի կարևորագույն տոներից մեկն է, որին հաջորդում է «Ոսկե շաբաթը»` 7-օրյա հանգստյան օրերը:

Տեսանյութեր

Լրահոս