Իրեն լավ ճանաչելով, համոզված էի՝ նա թաքստոց չի փնտրելու, զինվորի մոտից մի քայլ անգամ չի հեռանալու. 44-օրյայում զոհված ՀՀ ազգային հերոսի քույր
3 տարի առաջ այս օրը առավոտյան ժամը 7:10, իսկ գուցե ավելի շուտ սկսվեց չավարտված պատերազմը:
Բանակին պարտադրվեց պարտություն:
Չպարտվածները զոհվեցին՝ չիմանալով, որ պարտվել ենք:
Վերադարձածներն իմացան ու չհամակերպվեցին՝ լուռ մնալով, պայքարելով, պատմելով:
2020 թվականի 44-օրյա պատերազմում լավագույն սպաներին և հրամանատարներին ենք կորցրել, որոշներին շատ լավ էի ճանաչում, որոնցից մեկն էլ Իջևանի գնդի հրամանատար գնդապետ, ՀՀ Ազգային հերոս Թաթուլ Ղազարյանն էր: Նա զոհվել է հոկտեմբերի 19-ին Արցախի Քաշաթաղի շրջանի Այգեհովիտ գյուղի մատույցներում: Նույն օրը և նույն վայրում զոհվել է նրա տեղակալ, փոխգնդապետ, հետմահու «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանի արժանացած Արմեն Օհանյանը: Համազգեստով, հայրենիքով, զինվորով եղբայրացածները պատերազմում նույն մարտում զոհվեցին: Նրանց ընդհանրություններին և տարբերություններին 168.am-ը մի առիթով անդրադարձել է: Մի բան փաստ է՝ նրանք փոխլրացնում էին իրար, թեպետ բնավորության գծերով, որոշ մոտեցումներով տարբեր էին:
168.am-ի հետ զրույցում գնդապետ Թաթուլ Ղազարյանի քույրը՝ Իրինա Ղազարյանը, պատմում է, որ այդ օրերին անվտանգությունից ելնելով՝ չէր զանգում եղբորը, իսկ հրամանատարը վերջին անգամ իր մոր հետ է զրուցել, ասել, որ ամեն ինչ նորմալ է, չանհանգստանան:
«Մեր գյուղից կամավորական էր զոհվել, Թաթուլը եկել էր հուղարկավորությանը, երևի զգում էր, որ էլ երբեք չի կարողանալու գալ իր հայրական տուն: Մտավ, շատ արագ մի փոքր հաց կերավ, անցավ բոլոր սենյակներով, բակից էլ մինչև մեքենա նստելը երկար նայեց ու շատ մտահոգ ղեկին մեքենայի հայելուց տանը նայելով էլ շարժվեց: Երեխաներին նվեր էր խոստացած եղել, նախապես առել պահել էր, գնալուց առաջ տվել էր Մերիին՝ կնոջը, թե՝ կտաս իրենց: Կինն էլ ջղայնացած պատասխանել էր՝ դու ինքդ կգաս ու կտաս… Չեկավ: Երբ իմացա, որ անսպասելի հրաման է եղել, որ իր զորքն էլ պիտի տանեն պատերազմ, միանգամից մարմնովս դող անցավ… Իրեն լավ ճանաչելով, համոզված էի՝ նա թաքստոց չի փնտրելու, զինվորի մոտից մի քայլ անգամ չի հեռանալու։ Իսկ ավելին այնտեղ կատարվածից ոչնչից համարյա տեղյակ չեմ»,- պատմում է հերոսի քույրը:
Գնդապետ Թաթուլ Ղազարյանն այն կարծիքին էր, որ զինվորը պիտի հրամանատարից հոգատարություն զգա:
«Հրամանատարն իրավունք չունի զինվորի թիկունքում մնա»,- ասում էր ՀՀ Ազգային հերոսը: