Ռեգիոնա՞լ, թե՞ աշխարհաքաղաքական հարթությունում կորոշվի Սյունիքի ապագան
Սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ Ադրբեջանի իրականացրած ռազմագործողությունից և սկսված բռնի տեղահանությունից օրեր անց՝ սեպտեմբերի 25-ին, Նախիջևանում տեղի ունեցան Էրդողան-Ալիև հերթական բանակցությունները։ Ալիև-Էրդողան հանդիպումը տեղի է ունեցել Նախիջևանի Գերագույն ժողովում՝ մամուլի համար փակ ռեժիմով, և տևել մոտ մեկ ժամ, որից հետո նրանց ներկայությամբ տեղի է ունեցել երկու երկրների միջև տարբեր ոլորտներում համաձայնագրերի ստորագրման արարողությունը։
Ստորագրվել է 3 համաձայնագիր, որոնցից մեկը վերաբերում է «Թուրքիայի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև Կարս-Նախիջևան երկաթուղու նախագծին»։ Այցի համատեղ ասուլիսի ընթացքում կողմերը հանգամանալից անդրադարձել են Ադրբեջանի իրականացրած օպերացիային, ներկայացրել սուտ տեղեկություններ, թե հաջողությամբ սկսվել է արցախահայության ինտեգրացիան Ադրբեջանին, այն դեպքում, երբ սկսվել է արցախահայության բռնի ու ողբերգական տեղահանությունն Արցախից։
Ինչպես և ակնկալվում էր, Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները չեն շրջանցել նաև, այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքի» թեման, ցույց տալով, որ շարունակում են այս ուղղությամբ կոնկրետ քայլեր ձեռնարկել։
«Ադրբեջանը Նախիջևանի և Թուրքիայի հետ կապող երկաթուղու շինարարությունը հաջողությամբ շարունակվում է։ Մեծ է հավանականությունը, որ Ադրբեջանի տարածքում ընթացող աշխատանքները ավարտին կհասցվեն արդեն գալիք տարվա վերջին»,- շեշտել է Ալիևը՝ մեկ անգամ ևս հայտարարելով, թե Նախիջևանի և բուն Ադրբեջանի միջև ցամաքային կապը 100 տարի առաջ արհեստականորեն է խզվել։
«Նախիջևանը Ադրբեջանի հնագույն տարածաշրջանն է։ Ցավոք սրտի, 1920 թվականին խորհրդային իշխանությունները Արևմտյան Զանգեզուրը արհեստականորեն անջատեցին՝ խզելով աշխարհագրական կապը Ադրբեջանի հիմնական տարածքի և Նախիջևանի միջև»,- պնդել է նա։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանն էլ իր հերթին հայտարարել է, որ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» պետք է բացվի։ Նախիջևանից Թուրքիա մեկնելու ճանապարհին Էրդողանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ եթե Հայաստանը թույլ չտա միջանցքն անցի իր տարածքով, ապա Իրանը «ուրախությամբ կմոտենա այդ միջանցքն իր տարածքով անցնելու գաղափարին»: Էրդողանը նշել է, որ Ադրբեջանի վերջին ագրեսիան «թույլ կտա խաղաղ միջանցքներ ստեղծել Հարավային Կովկասում»: «Բոլորին է հայտնի մեր կարծիքն այն մասին, որ այդ հնարավորությունն անհրաժեշտ է օգտագործել»,- նրա խոսքը մեջբերում է Daily Sabah-ը։
Նրա խոսքով՝ «ադրբեջանա-հայկական գործընթացում առաջընթացը մեծ ազդակ կհաղորդի նաև տարածաշրջանային կարգավորմանը»։ «Մեր նպատակն է այդ տարածքները դարձնել խաղաղ միջանցքներ։ Եթե մենք խոսում ենք երկաթուղու մասին, ապա գնացքը Թուրքիայից կարող է հասնել Նախիջևան՝ Հայաստանով, Ադրբեջան։ Եթե Հայաստանը ճանապարհ չբացի գնացքի համար, այն կանցնի Իրանով։ Նախիջևանի և Ադրբեջանի մյուս շրջանների միջև երկաթգծի և ավտոմոբիլային ճանապարհների միջոցով ուղիղ հաղորդակցության ստեղծումը էլ ավելի կամրապնդի մեր հարաբերությունները։ Ուստի պետք է հնարավորինս շուտ բացել այդ միջանցքը»,- ասել է Էրդողանը։
Ի դեպ, ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերն օրերս նշել էր, որ սեպտեմբերի 22-ին Նյու Յորքում կայացած հանդիպմանը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը քննարկել են Հայաստանի տարածքով Թուրքիայի և Ադրբեջանի միջև հնարավոր տրանսպորտային ուղիները։ Միլլերը հույս է հայտնել, որ բոլոր դաշնակիցներն ու գործընկերները կառուցողական դեր կունենան Հայաստանի և Ադրբեջանի, այդ թվում՝ Թուրքիայի միջև խաղաղ համաձայնագրի ձեռքբերման գործում։ Սպասվում է նաև Էրդողանի այցը Միացյալ Նահանգներ։ Մինչ այդ հայտնի դարձավ նաև, որ Բլինքենը զանգահարել է Ալիևին, կոչ անելով ապահովել ԼՂ-ում բնակչության անվտանգությունը, ինչպես նաև ընդունել դիտորդական առաքելություն։ Հայտնի դարձավ նաև, որ Ֆրանսիան հյուպատոսարան է բացում Սյունիքում, ինչպես դա արել էր շուրջ մեկ տարի առաջ Իրանի Իսլամական Հանրապետությունը։ Ավելին, նման առաջարկ էր հայկական կողմին արել նաև ՌԴ-ն և դրական պատասխան ստացել, թեև հայ-ռուսական հարաբերությունների վատթարացման ֆոնին խիստ կասկածելի է ՌԴ այս առաջարկի ապագան։
Պարզաբանելով տարածաշրջանային զարգացումները և Նախիջևանի բանակցությունները, ռուս թուրքագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին մեզ հետ զրույցում ասաց, որ տարածաշրջանում ակտիվ վերադասավորման գործընթացներ են տեղի ունենում, որոնցում Թուրքիան և Ադրբեջանն ամենաակտիվ ու համարձակ դիրքավորման մեջ են, հաշվի առնելով ՌԴ դիրքերի օբյեկտիվ թուլացումը, որը կշարունակվի ամենաքիչը մինչև 2025 թվական, Իրանը ևս փորձում է ետ չմնալ, հաշվի առնելով նաև այն թեմաները, որոնք քննարկվում են՝ գլխավորապես, այսպես կոչված, «միջանցքը» կամ «ճանապարհը»։
«Իրան, Ռուսաստան, Թուրքիա՝ գործում են ռեգիոնալ հարթությունում և փորձում են հարցերը լուծել հենց այս շրջանակներում։ Կա նաև աշխարհաքաղաքական և արտատարածաշրջանային գործընթաց, որը գեներացնում է Արևմուտքը Երևանի հետ, սակայն վերջինի արդյունավետությունը Հարավային Կովկասում խիստ կասկածելի է։ Հենց այդ պատճառով Միացյալ Նահանգները հարավկովկասյան և հայաստանյան թեմաները սկսել է ակտիվորեն քննարկել թուրքական կողմի հետ, փորձելով մխրճվել տարածաշրջան։ Կարծում եմ՝ ռեգիոնալ երեք տերությունները՝ Իրանը, ՌԴ-ն ու Թուրքիան, սրան դեմ են։ Սակայն թուրք-ամերիկյան հարաբերություններն ունեն հետաքրքիր դինամիկա՝ պայմանավորված նաև ՌԴ-Թուրքիա հարաբերություններով, և ներկայումս կարելի է ասել, որ այդ հարաբերությունները հարաբերական կայուն փուլում են։ Սակայն Էրդողանի դեպքում դա չափազանց կարճ է տևում, և ամեն հնարավորության դեպքում Էրդողանը դուրս է գալիս վերահսկողությունից։
Սա նշանակում է, որ հարցերը լուծվում են տարածաշրջանի ներսում, բայց ՌԴ ազդեցությունը և խոսք ասելու «իրավունքը» թուլացած է ուկրաինական զարգացումներով և հայ-ռուսական լարված հարաբերություններով պայմանավորված։ Ուստի այսպես կոչված միջանցքի հարցում ավելի էական է Իրանի ու ակտիվ աշխատելու դեպքում կարող է արդյունավետ լինել նաև Արևմուտքի «ձայնը», քանի որ Ադրբեջանն ու Թուրքիան նման ձևով միանալու պատմական նպատակ ունեն։ Սյունիքի մարզը սրանով պայմանավորված ներկայումս աշխարհաքաղաքական մեծ ուշադրության կենտրոնում է, սրանով են պայմանավորված հյուպատոսարանների բացումը, այցերը։ Ինչպես տեսնում ենք, թուրքական երկրները ճկունություն են ցուցաբերում և կարողանում են որոշ արդյունքներ գրանցել, սակայն աշխարհաքաղաքական ուշադրությունն այս հարցին խոչընդոտում է այս պլանների արագ իրագործմանը»,- ասաց վերլուծաբանը։
Նրա կարծիքով, Արևմուտքի հետաքրքրությունն էլ ռեգիոնի նկատմամբ պայմանավորված միայն է ՌԴ ներկայության գործոնով և դրան վերջ տալու ցանկությամբ։
Վրացի քաղաքական վերլուծաբան Կախա Գոգոլաշվիլին ասաց, որ Արևմուտքը Լեռնային Ղարաբաղում ավելի անարդյունավետ գործեց, և դա ուներ հստակ պատճառներ։ Ըստ նրա, խնդիրը թե բանակցությունների բովանդակությունն էր, թե ՌԴ խաղաղապահների ներկայությունը։
«Հայաստանի տարածքի հարցում Արևմուտքը կարող է շատ ավելի կոշտ ու տեղին գործել։ Կարծում եմ՝ պատահական չէ, որ Ադրբեջանը Թուրքիային կապող ճանապարհի հարցն ամերիկյան կողմը քննարկում է Թուրքիայի ԱԳ նախարարի հետ։ Բայց սա գործընթաց է, դրանում կայունություն չկա, քանի դեռ չկա ավելի լայն աշխարհաքաղաքական փոխըմբռնում գլխավոր ուժերի միջև։ Պետք է ընդունել, որ այսօր գերտերությունները սպասում են Ուկրաինայի պատերազմի ավարտին և նոր աշխարհաքաղաքական դասավորությանը։ Սակայն կան նաև երկրներ, որոնք չեն սպասում և նոր իրականություն են ձևավորում, որը հետագայում գուցե դառնա նոր աշխարհակարգի մի մասը, սա Արևմուտքը հասկանում է, սակայն որքանով կկարողանա կառավարել, բարդ է ասել»,- ասաց նա։