Սերգեյ Մարկեդոնով․ «Սրանք այն հարցերն են, որոնց, ինձ թվում է, Ռուբեն Վարդանյանը պետք է պատասխանի»

«Միջազգային վերլուծություն» ամսագրի գլխավոր խմբագիր, քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը Fontanka.ru–ին ծավալուն հարցազրույց է տվել՝ մասնավորապես անդրադառնալով այն հարցերին, թե ինչպես Հայաստանը կորցրեց Արցախը եւ ինչ է լինելու արցախցիների հետ։ Ներկայացնում ենք մի հատված հարցազրույցից։

— Ի՞նչ է լինելու չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքական գործիչների, օրինակ՝ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի հետ։ Արդյոք նա կինտեգրվի՞ Հայաստանի քաղաքական համակարգին, արդյոք Նիկոլ Փաշինյանը մտադրություն ունի նրանից ազգային հերոս կերտել, Ադրբեջանը համագործակցություն կառաջարկի՞, թե՞ նրա նկատմամբ «որս» կսկսի։

— Ամեն ինչ չէ, որ կախված է անձամբ Վարդանյանից։ Եվ դուք ինքներդ այդ խնդիրները մատնանշեցիք։ Միևնույն ժամանակ շատ բան կախված է հայկական քաղաքական դաշտում խաղալու նրա վճռականությունից և պատրաստվածությունից։ Երևանի ավագանու վերջին ընտրությունների արդյունքներն այնքան էլ հաջող չէին այն կուսակցության համար, որի հետ նա ասոցացվում է․ «Ապրելու երկիրը» չստացավ բավարար տոկոսներ, որպեսզի ունենա սեփական խմբակցությունը։ Բայց խմբակցությունը դա ինքը Ռուբեն Վարդանյանը չէ։

Եթե ֆորս-մաժոր չլինի, Հայաստանում ընտրություններ լինելու են 2026 թվականին: Ռուբեն Վարդանյանը գաղափարներ ունի, թե ինչպես վերափոխել Հայաստանը: Նրա կարծիքով խորհրդարանական ռեժիմը այնքան էլ հարմար չէ ստեղծված իրավիճակի և հայկական ազգային նախագծի համար։ Շանսեր, իհարկե, կան, սակայն, հաշվի առնելով Ղարաբաղի շուրջ իրողությունների լուրջ վերաիմաստավորումը, ամեն ինչ այնքան էլ միանշանակ չէ։

Կարծում եմ, որ ոչ մի քաղաքական գործիչ այնպես չի անի, որ իր տեղի զիջի ուրիշին: Եվ, իհարկե, Փաշինյանն ամենևին էլ ուրախ չի լինելու մրցակցի, այն էլ՝ Վարդանյանի նման մրցակցի հայտնվելու փաստից: Ռուբեն Կառլենովիչի համար հիմա շատ կարևոր է յուրահատուկ հայեցակարգ առաջարկել: Կան այսպես կոչված «նախկիններ»՝ Քոչարյանն ու Սարգսյանը, ովքեր ասում են, որ «Նիկոլը դավաճան է, Թուրքիայի և Ադրբեջանի գործակալ»։ Եթե Վարդանյանը գնա այս ճանապարհով, նրա համար դժվար կլինի: Նա ուրիշի դաշտ կմտնի և պարզապես կվերածվի Քոչարյանին նմանակողի։ Բայց նաև Փաշինյանին ձայնակցող լինելը նույնպես տարբերակ չէ նման հավակնոտ մարդու համար։ Սա նշանակում է, որ պետք է հատուկ ճանապարհ փնտրել նոր պայմաններում հայկական պետականությունը պահպանելու համար։

Ժամանակին բրիտանացի հայտնի պատմաբան Էրիկ Հոբսբաումը ասել է, որ ժամանակակից Հայաստանն այն ամենն է, ինչ մնացել է այն բանից հետո, երբ հայերը վտարվել են այն բոլոր տարածքներից, որտեղ ապրել են նախկինում: Ավելի քան 30 տարի Հայաստանն ապրել է Հայկական մեծ նախագծի տեսլականով: Հիմա իրականությունն այլ է։ Ինչպե՞ս ազգային ծանր տրավմայի պայմաններում գտնվող երկրում գտնել սեփական տեղը:

Ինչպե՞ս չվատթարացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները, որոնք նախկինի նման կարևոր են։ Սրանք այն հարցերն են, որոնց, ինձ թվում է, Ռուբեն Վարդանյանը պետք է պատասխանի։ Նրան մանևրելու չափազանց նեղ տարածք է բաժին ընկել, միևնույն ժամանակ, ի տարբերություն «նախկինների», նա կարող է ասել՝ դուք հիշում եք իննսունականները, անցյալը, իսկ ես չլքեցի Ղարաբաղի տարածքը 2022-2023 թվականների ճգնաժամի ժամանակ։ Սա կարող է բավականին գրավիչ լինել ընտրությունների տեսանկյունից։ Բայց ամեն ինչ այնքան էլ պարզ չէ, որքան կարող է թվալ առաջին հայացքից:

Aravot.am

Տեսանյութեր

Լրահոս