«Աղետը սրանով չի ավարտվել.Հաջորդ հարվածը Սյունիքին է սպասվում։ Եվ իմացե՛ք՝ ոչ ոք չի կանխելու, ոչ ոք չի փրկելու մեզ». Կարեն Հարությունյան
Կարեն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մարդը պետությունից տարբերվում է նրանով, որ նա ինքն է մեծ հաշվով ձևավորում իր շրջապատը։
Եթե ինչ-որ մեկը դուրդ չի գալիս, պարզապես կարող ես հեռու մնալ նրանից։ Եթե աշխատավայրդ լավը չէ, փոխում ես։ Եթե հարևանդ լավը չէ, կարող ես չշփվել հետը։ Ծայրահեղ դեպքում, կարող ես տունդ ծախել։
Պետությունը սա չի կարող իրեն թույլ տալ։ Մենք մեր աշխարհագրությունը փոխել չենք կարող։ Երկիրը ծախել չենք կարող (թեև ոմանց դա հաջողվում է)։ Որքան էլ ցանկությունը մեծ լինի Լյուքսեմբուրգ կամ Չեխիա դառնալու, մենք բոլորովին այլ միջավայրում ենք և ավելի շուտ կարող ենք դառնալ Սիրիա կամ Սինջար։
Մենք ունենք չորս անմիջական և մեկ ոչ անմիջական, բայց չափազանց ազդեցիկ հարևան։
Նրանք այստեղ լինելու են ու Հայաստանի վրա ազդելու են անկախ նրանց նկատմամբ մեր ատելության կամ սիրո աստիճանից։
Ի՞նչ է մնում անել․ գնահատել հնարավոր սցենարները, որ եթե չես կարող օգուտ ստանալ, ապա առնվազն փորձես վտանգները չեզոքացնել, նվազեցնել։
Այն, ինչ Արցախում կատարվում է, ազգային մեծ ողբերգություն է, հայրենազրկում, որը միանգամայն կանխելի էր։ Բայց Հայաստանի պատուհաս իշխանությունը ամեն ինչ արեց չկանխելու և պատասխանատվությունն այլոց գրպանը գցել փորձելու համար։
Անշուշտ, Արցախի ղեկավարությունը մեն-մենակ էր, և պետք է ծանր որոշումների գնար մարդկանց, զինվորների կյանքը փրկելու, աղետի մասշտաբները թույլ չտալու։ Սակայն նրանք ևս պատուհաս դուրս եկան իրենց շարունակական գործողություններով կամ անգործությամբ՝ հատկապես վերջին շրջանում։ Նրանք կարող էին փրկել հարյուրավոր կյանքեր, բայց չարեցին։ Պինդ տղա էին խաղում։
Աղետը սրանով չի ավարտվել։ Հաջորդ հարվածը Սյունիքին է սպասվում։ Եվ իմացե՛ք՝ ոչ ոք չի կանխելու, ոչ ոք չի փրկելու մեզ։
Ինքնիշխանության քարոզներով ինքնիշխանություն ոչնչացնող խմբերը վերահաս նոր աղետի նախակարապետն են։